«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ Իրանից ու Ռուսաստանից պարբերաբար ահազանգեր են հնչում՝ զգուշացումներ քաղաքական վտանգների մասին։
Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է. «Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան։ Միջանցքը ստեղծում է պայմաններ ՆԱՏՕ-ի ներկայության համար Իրանից հյուսիս և լուրջ սպառնալիք է ներկայացնում Իրանի հյուսիսային և Ռուսաստանի հարավային շրջանների անվտանգության համար»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն էլ իր հերթին է հայտարարել. «Ռուսաստանն ինքնին կովկասյան տերություն է։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես «Թրամփի ուղու» պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Դրա համար կան բավարար հիմքեր»։
Ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Ռուսներին տարածաշրջանից հանելով՝ ո՞վ է գալու նրանց փոխարեն։ Հայաստանի իշխանություններն ումո՞վ են ուզում փոխարինել ռուսներին. պարզ հարց է առաջանում։
Քաղաքագետ Խաչիկ Գալստյանը նկատում է՝ հայ-թուրքական ջերմացումը, հայ-ադրբեջանական քիրվայությունը պատմական կարճատեսություն է։ Ռուսաստանը դեռ սպասում է Հայաստանի վերջնական կողմնորոշմանը, տեսնի` Հայաստանի իշխանությունների քաղաքակրթական ընտրությունը ինչի՞ վրա է կանգնելու։ Իսկ Իրանը չի ուզում առանց այդ էլ սուր անկյուններն ավելի սրել։
Հայաստանի իշխանություններն էլ սպասում են, տեսնեն՝ Ռուսաստանը կհաղթի՞, թե կպարտվի պատերազմում, որպեզի ուղղությունը վերցնեն կա՛մ դեպի Եվրոպա, կա՛մ, ինչպես Խաչիկ Գալստյանն է ասում, նորից «Լադիմիր Լադիմիրովիչի» մոտ՝ «անառակ որդու վերադարձի» պես։
Իշխանությունների ֆիզիկական անվտանգության երաշխիքները կարող են մեզ վրա թանկ նստել՝ Հայաստանը դարձնելով Ուկարինա կամ Սիրիա։

Русский