ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները նոր լարում և միաժամանակ նոր սպասումներ են ձևավորում միջազգային քաղաքական դաշտում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ու Թեհրանը գտնվում են վճռորոշ հանգրվանում, որտեղ տարիներ շարունակ փակուղի մտած բանակցությունները կարող են վերջապես բերել կոնկրետ արդյունքի։ Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել հանձնել հարստացված ուրանը և գնալ այնպիսի համաձայնության, որը կբացառի միջուկային զենքի առկայությունը։ Ըստ նրա՝ կողմերը զգալի առաջընթաց են գրանցել կուլիսային դիվանագիտության շրջանակում, և արդեն մոտ ապագայում սպասվող հանդիպումը կարող է ավարտվել փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Դրան կհաջորդի առավել խորքային փուլ՝ մինչև 60 օրում լիարժեք համաձայնագրի կնքում։
Թրամփի ձևակերպումները հստակ են ու կոշտ․ «Իրանը ցանկանում է համաձայնագիր։ Նրանք այսօր պատրաստ են անել այն, ինչ երկու ամիս առաջ չէին ընդունի։ Խոսքը ոչ թե ժամանակավոր սահմանափակումների, այլ հստակ արդյունքի մասին է՝ Իրանը միջուկային զենք չի ունենա»,- ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, նա չի թաքցնում ճնշման գործոնը՝ ակնկալելով, որ համաձայնության ձախողման դեպքում ռազմական սցենարը կրկին կդառնա օրակարգային։ Մերձավոր Արևելքում իրավիճակը ևս շարունակում է մնալ փխրուն, սակայն այստեղ ևս ԱՄՆ-ն փորձում է հանդես գալ որպես միջնորդ։ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ։ Նրա հանձնարարությամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն ակտիվորեն աշխատում են կողմերի հետ՝ հասնելու ավելի երկարատև և կայուն խաղաղության։ Մինչդեռ Մոսկվան այս զարգացումներին արձագանքում է սուր և որոշակի հեգնանքով։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Թրամփի հռետորաբանությունը՝ հատկապես նավթային ռեսուրսների վերաբերյալ նրա հայտարարությունների համատեքստում։ «Ո՞վ է նրան թույլ տալու վերցնել աշխարհի ողջ նավթը և տանել որտեղ ուզում է»,- նշել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ նման հայտարարությունները ավելի շատ քաղաքական շոու են հիշեցնում, քան իրական ռազմավարություն։
Այս ամենի ֆոնին պարզ է դառնում մեկ բան, աշխարհը մտնում է նոր վերադասավորումների փուլ, որտեղ պայմանավորվածությունները կարող են կնքվել արագ, բայց նաև նույն արագությամբ՝ փլուզվել։ Իսկ Թրամփի կոշտ և հաճախ հակասկան հռետորաբանությունը շարունակում է մնալ այդ գործընթացների առանցքում՝ միաժամանակ լինելով թե՛ բանակցային գործիք, թե՛ լարվածության աղբյուր։
Ալիտա Եղիազարյան

Русский