Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փաշինյանը չի ներում՝ ի պաշտպանություն Քոչարյանի կաթողիկոսի արած հայտարարությունը, Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր է թիմակիցներին հանձնարարել է ավելի ակտիվ զբաղվել Կաթողիկոսի տեղապահի հարցերով:

Նույն աղբյուրների վկայությամբ՝ վարչապետը թիմակիցներին ասել է, որ առաջիկայում պետք է մշակվի եկեղեցու նոր կանոնագիրք, եւ տեղապահի հարցը վերջնական լուծում ստանա։ Փաշինյանը շեշտել է, որ եկեղեցում, հոգեւորականության շրջանում անհրաժեշտ են իրական բարենորոգումներ, որպեսզի ապագայում չպարզվի, թե դեռ կան թեւեր, որոնք աջակցում են նախկին նախագահներին։

Նշենք, որ ըստ կառավարության մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես չի ներում Կաթողիկոսի հայտարարությունն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, երբ իշխանությունները նրան կալանավորեցին՝ մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործի շրջանակում։

Փաշինյանը չի ներելու նաեւ, որ Կաթողիկոսը թույլ է տվել՝ Բագրատ սրբազանը քաղաքական ուժեր ձեւավորի ու առաջնորդի: Առաջիկայում ավելի ուժեղ ռեպրեսիաներ են լինելու եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ: Մենք տեղեկացանք նաեւ, որ Մայր Աթոռում էլ որոշել են, որ հոգեւորականներն ու եպիսկոպոսները մի տեւական ժամանակ որեւէ հայտարարությամբ հանդես չեն գա, մինչեւ կհասկանան իրենց անելիքները»։

 

«Հրապարակ»․ թերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մինչ կաթողիկոսին ու Եկեղեցուն մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ, որոշ ՔՊ-ական ակտիվիստներ մասնավոր զրույցներում կատակում են, թե Փաշինյանի կողմն անցած հոգեւորականները հավակնում են խլել իրենց հացը՝ ավելի թունդ իշխանական քարոզ են անում, քան իրենք, մասնավորապես՝ Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը եւ բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Հատկապես վերջինը կարծես ծպտյալ ՔՊ-ական լինի՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ է դարձել, իշխանական ԶԼՄ-ների նորահայտ աստղ, տաղավարից տաղավար է գնում` ՔՊ-ի քարոզչությունն անելով:

Նախօրեին անգամ ադրբեջանա-թուրքական քարոզ էր իրականացնում, խանդավառված պատմում, որ վիրահայոց թեմում ծառայության ժամանակ շփվել է թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների, թե՛ այլ իսլամադավան ժողովուրդների ներկայացուցիչների հետ, բայց չի տեսել, որ նրանք պատրաստ են գալ ու կուլ տալ Հայաստանը: Ի դեպ, Վազգեն Միրզախանյանը մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում է․ անտեր է թողել բալթյան երկրների թեմի առաջնորդի գործը եւ զբաղված է իշխանության պրոպագանդայով: Կան տեղեկություններ, որ նրան առայժմ թույլ չեն տալիս վերադառնալ իր թեմ, քանի որ նա իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել է նոր «դավաճաններ» հավաքագրել։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկ հայտարարեց, որ Արցախի հայաթափումից երկու տարի անց տեղահանված 25 հազար ընտանիքից կառավարության կողմից սահմանված բնակարանային ծրագրի միջոցով կարողացել է բնակարան ձեռք բերել ընդամենը... 1500 ընտանիք: Այս տարվա. նոյեմբերի 20-ի դրությամբ հավաստագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որից միայն 1500-ն է կարողացել իրացնել այն, այսինքն՝ բնակարան ունենալ:

Սրանք իրականում սոսկ թվային կամ վիճակագրական տվյալներ չեն: Այս տվյալները պարզապես ցուցիչ են, թե ինչ են «շնչում» Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը Արցախի հայության նկատմամբ: Այսինքն, բացի նրանից, որ Արցախը ճանաչեցին ադրբեջանական ու, ըստ էության, հանձնեցին թշնամուն, բացի այն, որ իրենց քաղաքականությունը հանգեցրեց Արցախի հայաթափմանը, հիմա էլ փաշինյանենք ամեն ինչ անում են, որ այս մարդիկ Հայաստանից էլ հեռանան: Հայտնվեն սոցիալ-կենցաղային ծանր պայմաններում և հեռանան: Ու շատերն են հեռացել, նկատենք:

Սա ավելին է, քան խայտառակությունը: Երկու տարվա ընթացքում 25 հազար ընտանիքից բնակարան կարողացել է ձեռք բերել 1500-ը: Սա բռնագաղթի ենթարկված ընտանիքների հազիվ 6 տոկոսն է կազմում: Սա նշանակում է, որ Փաշինյանի քպական իշխանությունը ոչ մի ծրագիր էլ չի իրականացնում, ինչի մասին, ի դեպ, պարբերաբար բարձրաձայնում են շատ փորձագետներ, նաև արցախցիներ, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավորներ, և այդ թվում՝ մեր թերթի էջերում: Կամ... իրականացնում է. ուղղակի արցախցիներին Հայաստանից դուրս մղելո՛ւ ծրագիր:

Թերևս տեղին է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի համար իրենց իշխանությունից շատ ոչ մեկը ոչինչ չի արել: Դե, իհարկե, Փաշինյանից ու ՔՊ-ից առավել ուրիշ ո՞վ կարող էր նման բան անել, որ Արցախը հայաթափվեր, քիչ է, դեռ մի բան էլ սոցիալական ծանր վիճակի մեջ պահեին հայրենազրկման ենթարկված, հաշված ժամերի ընթացքում տուն-տեղ, գյուղ-շեն, քաղաք, նախնյաց գերեզման, վանք ու եկեղեցի, ամեն ինչ կորցրած Արցախի հայությանը...

 
     

 

Send