Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ Արևաշատ գյուղում հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում արտեզյան ջրի հորատող տեխնիկան ընկել է քաղաքացու վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի և ջոկատի հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Արմեն Գրիգորյանը և Հրանտ Համբարձումյանը։

Տեղում պարզվել է, որ հորատող «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի ճնշման յուղի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով վարորդի գլուխն արգելափակվել է հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում ու տեղում մահացել։

Համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արամայիս Առաքելյանն է։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արամ Ղուլասյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send