«MediaHub»-ին ահազանգել են բազմաթիվ քաղաքացիներ, որ իրենց SMS-ի միջոցով կեղծ տեղեկություններ են գալիս։ Մասնավորապես, «Ճանապարհային ոստիկանության» անունից ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքացին ունի տուգանք և պետք է հրատապ վճարի։
Նշվում է նաև, որ չվճարված տուգանքի վերջնաժամկետը սպառվում է 24 ժամից: Չվճարման դեպքում գործը կուղարկվի ՀԿԱԾ (ԴԱՀԿ)՝ բանկային հաշիվների ու գույքի վրա անհապաղ արգելանք դնելու, ինչպես նաև մեքենայի տեխզննումն ու հաշվառումն արգելափակելու համար: Առցանց վճարում կատարելու համար առաջարկվում է անցնել հաղորդագրության մեջ նշված հղումով։ Հղումը նման է իրական «Road Police»-ի հասցեին, իսկ կայք մտնելիս պահանջվում է լրացնել բանկային քարտի տվյալներն ու այլ անձնական տեղեկատվություն։ Մի քանի քաղաքացի մեզ ահազանգել է, որ նույնիսկ կատարել է վճարումը։
«MediaHub»-ը դիմեց ՆԳՆ՝ հասկանալու համար, թե ինչ միջոցներ են կիրառվում և ինչ պետք է անեն քաղաքացիները։
«Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային ոստիկանության» անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել քաղաքացիների ֆինանսական միջոցները։ Պարզապես պետք է անտեսել այդ նամակները, արգելափակել հեռախոսահամարը կամ ուղարկողի էլեկտրոնային փոստը։ Առաջին իսկ հաղորդագրությունը ստանալուն պես ՆԳՆ-ն իրազեկում է տարածել։ Եթե քաղաքացին արդեն փոխանցել է գումարը, ապա կարող է դիմել ՆԳՆ կամ զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների դեմ պայքարի թեժ գծի հեռախոսահամարին»,- նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Մարիաննա Արամյան

Русский