MediaHub-ը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծով առաջարկվում է Հայաստանում որպես Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս տարբեր պետական մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես տվյալ կառույցների աշխատողների մասնագիտական տոներ կամ միջազգային օրեր։ Մասնավորապես, կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ հունվարի 8-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, Քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, Ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին, Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին և այլ օրեր։
Ըստ նախագծի հեղինակների՝ նման բազմազանությունը հակասում է հանրային ծառայության զարգացման ներկայիս օրակարգին։ Հենց այդ պատճառով կարևոր է ապահովել հանրային ծառայության միասնականությունը և ընդգծել հանրային ծառայողների դերը երկրի զարգացման գործընթացում՝ սահմանելով մեկ միասնական օր։
Նշվում է նաև, որ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 57/277 բանաձևով հունիսի 23-ը հռչակել է Հանրային ծառայության օր։ Բանաձևի համաձայն՝ անդամ պետություններին խրախուսվում է այդ օրը կազմակերպել հատուկ միջոցառումներ՝ ընդգծելու հանրային ծառայության ներդրումը զարգացման գործընթացում։
Նախագծի հիմնավորման մեջ նաև ընդգծվում է, որ հանրային ծառայության տարբեր ուղղությունների համար առանձին տոնական միջոցառումների կազմակերպումը պահանջում է առանձին ֆինանսական ծախսեր։ Ուստի, մեկ միասնական օրվա սահմանումը կարող է ոչ միայն կենտրոնացնել հանրության ուշադրությունը հանրային ծառայողի աշխատանքի կարևորության վրա, այլև նպաստել միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը։
Այսպիսով, նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։
Մարիաննա Արամյան

Русский