Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել են երեխայի անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Blog Image

2026 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը, հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

«Նիստի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են երեխայի իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմներին, հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը, ինչպես նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցներում սովորողի պաշտպանության թիմերի առկայությանը և դրանց գործունեությանը, ինչպես նաև հանրակրթական որոշ ուսումնական հաստատություններում տեսահսկման համակարգերի կիրառման պայմաններին։

Այս համատեքստում քննարկվել են տեսահսկման համակարգերի կիրառման կարգը, ինչպես նաև սովորողների անձնական տվյալների պաշտպանությունն ապահովող ընթացակարգերի և մեխանիզմների առկայության ու գործնական կիրառման հարցերը։

Նիստի ավարտին քննարկվել են Խորհրդի հետագա անելիքներին և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երեխաների ձայնը լսելի դարձնելու և իրենց իրավունքներին առնչվող հարցերի քննարկմանը երեխաների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակականությունն ու հետևողականությունը»,-ասված է հաղորդագրությունում։

Send