Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի 12-րդ փողոցում Երևանի բնակիչ 69-ամյա Սուրեն Ռ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել քարերի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար, այնուհետև շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել հիվանդանոց։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Русский