Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն բարձրացվում են միգրացիոն ոլորտում մի շարք պետական տուրքերը։
Փոփոխություններով, մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմումի համար պետական տուրքը 4200 ռուբլուց կդառնա 50 հազար ռուբլի, այսինքն՝ կավելանա գրեթե 12 անգամ։ Նպատակն, ըստ ռուսական իշխանությունների, միգրացիոն գործընթացների կարգավորումն ու վարչարարության արդյունավետության բարձրացումն է։
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս որոշումը Հայաստանի քաղաքացիների վրա։
MediaHub-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասաց, որ հարցը դեռևս հստակեցման կարիք ունի, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և հնարավոր է՝ նոր դրույքաչափերը լիարժեք չտարածվեն ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա։
«Չի բացառվում, որ երրորդ երկրների քաղաքացիների համար պետական տուրքը 10-12 անգամ բարձրանա, իսկ Հայաստանի քաղաքացիների դեպքում պահպանվեն գործող պայմանները կամ կիրառվեն այլ դրույքաչափեր։ Պետք է սպասել իրավական հստակեցումների»,- նշեց տնտեսագետը։
Հարցին, թե արդյոք այս փոփոխությունները կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ և ուղղված լինել նաև հայ քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ ստեղծելուն, Պարսյանը պատասխանեց, որ նման տարբերակը չի բացառում, սակայն դրա վերաբերյալ հստակ տվյալներ չունի։
«Տեղեկատվություն չունեմ, թե այս պահին որքան հայ է դիմում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Միաժամանակ գիտեմ, որ վերջին շրջանում հակառակ գործընթացն էլ է նկատվում. Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Հայաստան՝ ստանալու ՀՀ քաղաքացիություն և օգտվելու այն հնարավորություններից, որոնք այն տալիս է, այդ թվում՝ մի շարք երկրների հետ առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորությունից։ Այս առումով կարելի է ասել, որ այսօր որոշակի հակառակ միտում է ձևավորվել»,- ասաց նա։
Հասմիկ Գասպարյան

Русский