Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կատարում է Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից իր աշակերտների ոտքերը լվանալու տնօրինական հիշատակությունը: Մեր եկեղեցական ծիսակարգում այս խորհրդավոր ու գողտրիկ արարողությունը հայտնի է որպես Ոտնլվայի կարգ, որի ժամանակ հոգևորականը, շարականների ու աղոթքների ուղեկցությամբ, ի նշան խոնարհության և սիրո, լվանում է 12 անձանց ոտքերը։
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ, Ոտնլվայի կարգ կատարվեց Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցում՝ ընդառաջ տեղի հոգևոր հովվի և ծխական համայնքի հրավերի։ Արարողության ընթացքին ընթերցվեց է Հովհաննես Պլուզ վարդապետի խրատը սիրո մասին, որից ներկայացնում ենք մի հատված.
«Ի՞նչն է ավելի խաղաղական, քան սերը` ձերբազատված լինելով բոլոր խռովություններից և Աստծո համար հաճելին կատարել: Սերը երկնքի արքայության բանալին է և հավիտենական կյանքի ճանապարհը: Սերը մարդկանց Աստծո որդիներ և երկնքի արքայության ժառանգորդներ է դարձնում: Սերն ապականացու բնությունը անապականի է վերածում և մահկանացուն անմահության է փոխում: Սերը երկրայիններին երկնայիններ է դարձնում և հողեղեններին հրեղենների է վերածում: Եվ արդ ո՞վ կարող է պատմել սիրո անչափ մեծությունը, որովհետև այն անճառելի և անպատմելի է և ինչպես որ Աստծո անեղ բնությունն անքննելի է, այնպես էլ սիրո բնությունն է անքննելի:
Եվ ինչպես Աստված անբավելի է, բայց բոլորին մոտ է, և բնակվում է հեզերի, խոնարհների մոտ և նրանց, ովքեր իր խոսքից դողում են, նույնպես և սերը բոլորին մոտ է, ով որ կամենում է նրան և ինքը գալով բնակվում է իրեն խնդրողների մեջ, քանի որ սերն իր սիրելիներին սիրում է և իր ատելիներին ատում է: Նրանք, ովքեր սեր են փնտրում, մոտ է նրանց աստվածապես, որովհետև Աստված սեր է և սուրբ սրտից ու անկեղծ հավատքից բխող սիրո կամեցողն է»:







Русский