Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Blog Image

Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

«Պատվիրակության կազմում էին Լիոնի փոխքաղաքապետ, կենսաբազմազանության հարցերով պատասխանատու Սոֆիա Պոպոֆը, Կենսաբազմազանության և քաղաքային բնության վարչության տնօրեն Սեբաստիան Բուշեն և Մարդու իրավունքների, քաղաքային դիվանագիտության և կլիմայական դիվանագիտության ծրագրերի ղեկավար Ժուլիան Գուրդենը։ Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է Հուշահամալիրի կառուցման պատմությունը ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ Սոֆիա Պոպոֆը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին»,-տեղեկացնում են թանգարան-ինստիտուտից՝ հավելելով, որ Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Սոֆիա Պոպոֆը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Send