«Հրապարակ» թերթը գրում է․ Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն Լոռի Բերդ խոշորացված համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանն է: Նախկին ՀՀԿ-ական Արայիկ Ներսիսյանը 21 տարի եղել է Կողեսի գյուղապետը: 2017-ին կրկին ՀՀԿ-ի կողմից առաջադրվել ու ընտրվել է խոշորացված Լոռի Բերդ համայնքի ղեկավար, իսկ չորս տարի անց նախկին հանրապետականը ճամբարափոխ է եղել՝ դարձել ՔՊ-ական:
Նա Հայաստանի հարուստ համայնքապետերից է։ 2023 թվականին նա հայտարարագրել է 51 անշարժ գույք, որոնց մեծ մասը՝ 45-ը՝ միանձնյա սեփականության իրավունքով։ Դրանցից 50-ը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան եւ Լոռի Բերդ համայնքներում, մեկը՝ Երեւանում։ Համայնքապետի հայտարարագրում նշված է 40 հողամասի, 5 բնակարանի, 1 արտադրական շինության եւ 2-ական բնակելի տան, ավտոտնակների ու հասարակական նշանակության շինությանների մասին։ Հայտարարագրել է 12 տրանսպորտային միջոց, որից 2-ը՝ FORD բեռնատար տրանսպորտ, 3 MERCEDES-BENZ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 6 գյուղտեխնիկա, 1 ZIL բեռնատար մեքենա: Դրամական միջոցները տվյալ տարվա սկզբում կազմել են 40 հազար դոլար եւ 12 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 60 հազար դոլար եւ 20 մլն դրամ։ 2026 թվականին ներկայացրած հայտարարագրում նշել է 36 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց, որից 3-ը՝ FORD բեռնատար եւ մարդատար, 3 MERCEDES-BENZ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 7 գյուղտեխնիկա: Տվյալ տարվա սկզբում հայտարարագրել է 60 հազար դոլար եւ 30 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 60 հազար դոլար եւ 40 մլն դրամ: Նա որպես եկամուտ՝ ներկայացրել է 4 մլն 772 հազար դրամ աշխատավարձ եւ «ՀՈՒՆԱՅԿԱ» ՍՊԸ-ից 1 մլն 198 հազար դրամ վարձակալության եկամուտ: Արայիկ Ներսիսյանը, լինելով ՀՀԿ-ական գյուղապետ, ոչ միայն հասցրել է ունեցվածք կուտակել, այլ նաեւ մեդալներ եւ պարգեւներ է ստացել: 2008-ին նա պարգեւատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», 2009-ին՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալներով (նշենք, որ ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգեւատրվում են Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցած անձինք, աշխատանքի վետերանները, որոնք ակտիվորեն մասնակցում են երիտասարդության ռազմահայրենասիրական ոգով դաստիարակությանը, ՀՀ ազգային բանակի գեներալները եւ սպաները, շարքայինները եւ սերժանտները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին), 2010-ին՝ «Վազգեն Սարգսյան», 2011-ին՝ «ՀՀ զինված ուժեր 20 տարի», 2013-ին՝ ՀՀ երկրապահ կամավորականների միության հրամանով «ԵԿՄ 20 տարի» մեդալներով, 2016-ին՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ոսկե մեդալով: Իսկ փաշինյանական կառավարման տարիներին Ներսիսյանը չի պարգեւատրվել, որքան էլ որ Պնախարար Սուրեն Պապիկյանի հարազատ համայնքի ղեկավարն է:
Արայիկ Ներսիսյանին հարցրինք՝ համայնքը ղեկավարելուց բացի, ի՞նչ այլ աշխատանք եւ կողմնակի եկամուտ ունի։ «Զբաղվում եմ գյուղատնտեսությունով, ի սկզբանե դա եղել է մեր ընտանիքի հիմնական զբաղմունքը, այլ զբաղմունքի տեսակ չի եղել: Տարիներ շարունակ դա եղել է իմ ծնողների օգնությամբ: Անասնապահություն չունենք, դաշտավարություն է, հիմնականում սեփականատերերից ձեռք բերված հողեր են, որը որոշ մարդիկ ուզեցել են օտարեն: Եթե մարդը վարելահողը ծախում է, ուրեմն խոտհարք իրեն պետք չի, բայց դա որպես միավոր, 2000 մետր, 3000 մետր խոտհարքը, որպես անշարժ գույք երեւում է, բայց դա այն անշարժ գույքը չի: Ես բազմիցս ասել եմ, որը որ ընդամենը անշարժ գույք անվան տակ կարելի է գնահատել մարդու կարողությունները: Ես կարամ ասեմ, որ մեր Լոռվա տարածաշրջանում, նամանավանդ խոտհարքները, չի կարելի համարել այդպիսի լուրջ կապիտալ, անշարժ գույք: Ասենք՝ մարդիկ ունեն 1 կտոր վարելահող, 2 կտոր խոտհարք, եթե օտարում եմ, իրար հետ եմ օտարում, նույն արժեքով: Մարդիկ օտարել են, քանի որ իրենց էլ պետք չի եղել: Ես էլ գնել եմ, մարդկանց տալիս եմ, իրենց ասում եմ՝ հարկը վճարեք, օգտագործեք: Իմ սեփական հողատարածքները տվել եմ նաեւ վարձակալության «Հունայկա» ՍՊԸ-ին եւ եկամուտ եմ ստանում: Հայրս տուն է ունեցել կառուցված 1980 թվականին՝ Ստեփանավանում, հորս մահից հետո չշարունակեցի սարքել, օտարել եմ: Ինչ վերաբերում է մեքենաներին, դա ճոխություն չի, դա փոխադրամիջոց է, առանց դրա հնարավոր չի»:
Մի ուշագրավ հանգամանք եւս՝ Արայիկ Ներսիսյանի հետ կապված: Գյուղապետ աշխատած տարիներին նա վաճառքի է հանել համայնքային հողերը ու հենց ինքն էլ գնել: Պարզվում է, որ ՀՀ դատախազությունը քրեական վարույթ է հարուցել, եւ Արայիկ Ներսիսյանը համայնքին (պետությանն) է վերադարձրել ապօրինի օտարված գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից 2 հեկտարը:

Русский