Եթե պատերազմի սկզբում Իրանը Հորմուզի նեղուցը մասամբ էր փակել, ապա հիմա այն ամբողջությամբ է պարալիզացված։
Երեկվա դրությամբ հաղորդակցությունները Հորմուզով ամբողջությամբ դադարեցված են։ Սա նավթային և գազայաին միջազգային շուկաների համար լուրջ խնդիրներ է առաջացնում։
Հիշեցնենք, որ Իրանը, հորդորելով իր նկատմամբ ռազմական ոտնձգություն չկատարել, հայտարարել էր՝ այլապես Հորմուզի նեղուցը կփակի։
«Հորմուզով անցնում է օրական աշխարհում սպառվող նավթի շուրջ 20 տոկոսը և հեղուկացված բնական գազի 30-35 տոկոսը։ Քաթարը աշխարհում երկրորդն է հեղուկացված բնական գազի արտադրության հզորությամբ և արտահանման ծավալներով։ Այս ամենը համաշխարհային շուկայում ստեղծում է լուրջ պակասուրդ և հանգեցնում գազի ու նավթի գների աճին։ Տուժող պետությունների շրջանակը մեծ է։ 2022 թվականին, ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, Եվրոպան իր էներգետիկ համակարգը կառուցել է հեղուկացված գազի համակարգի վրա։
Այժմ, երբ Քաթարը կրճատել, այնուհետև դադարեցրել է հեղուկացված գազի արտահանումը դեպի արտաքին շուկաներ, սա Եվրոպայի համար դեինդուստրիալիզացիայի համար լրացուցիչ գործոններ է ստեղծում»,- Հորմուզի նեղուցի փակման և Քաթարի՝ հեղուկացված գազի արտահանումը դադարեցնելու հետևանքները վերլուծում է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
Ասիական երկրները՝ Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, կախված են Պարսից ծոցի ածխաջրածիններից և գազային ռեսուրսներից։
«Միջնաժամկետ կտրվածքով ԱՄՆ-ն՝ որպես կարևոր էներգետիկ խաղացող, ձեռք է բերում հստակ, էֆֆեկտիվ լծակներ՝ զսպելու ասիական երկրների տնտեսական աճը, առաջ մղելով սեփական էներգետիկ շահերը եվրոպական շուկայում»,- նկատում է Վահե Դավթյանը։
Նկատի ունենանք, որ ԱՄՆ-ն հեղուկացված բնական գազի արտադրության ծավալներով աշխարհում առաջինն է։
«Վերջին երկու օրերին տեսնում ենք, որ ամերիկյան ընկերությունները փորձում են գազի արտահանման ծավալները դեպի Եվրոպա ավելացնել։ Սա երկարաժամկետ բնույթ չի կրի, բայց այս պահին Վաշինգտոնը և ամեիկյան բիզնեսը գեոտնտեսական առավելություններ են ստանում թե՛ ասիական, թե՛ եվրոպական շուկաներում»,- արձանագրում է մասնագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Русский