ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի համար 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթը, որը կարող է հայտարարվել հաջորդ ամիս Անկարայում կայանալիք Դաշինքի գագաթնաժողովի ժամանակ, գրել է Politico-ն։
ՆԱՏՕ-ի չորս դիվանագետների խոսքով՝ նախաձեռնությունն առաջարկել է Գերմանիան։ Այն ոչ միայն նախատեսում է Կիեւին օգնության համար նոր ֆինանսական չափանիշ սահմանել, այլև ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա թափանցիկ հետևել առանձին երկրների ներդրումներին, նշել են աղբյուրները։
Նրանք ասել են, որ այս մոտեցումը նախատեսված է դաշնակիցների դժգոհությունը նվազեցնելու համար, ովքեր կարծում են, որ ներկայումս կրում են Ուկրաինային աջակցելու համար չափազանց մեծ ֆինանսական բեռ։
«Գլխավորը Անկարայի կողմից Ուկրաինային կենսականորեն կարևոր աջակցությունը շարունակելու ամուր հանձնառությունն ապահովելն է երկարաժամկետ և ավելի արդարացի հիմունքներով», - հավելել է ՆԱՏՕ-ի հինգերորդ ավագ դիվանագետը։
Ուկրաինային աջակցությունը կլինի հիմնական թեման հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, խոսելով Դաշինքի անունից, հրատարակությանը հայտնել է, որ շարունակվում են քննարկումները այն մասին, թե ինչպես պահպանել ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող ամուր աջակցությունը և ապահովել դաշնակիցների միջև բեռի ավելի արդարացի բաշխում։
ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Օլենա Հետմանչուկը ընդգծել է, որ ցանկացած նոր պարտավորություն պետք է կենտրոնանա Ուկրաինայի ամենակարևոր կարիքների վրա, ներառյալ օդային պաշտպանությունը, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության զարգացումը, հեռահար զինամթերքը։

Русский