Քանի որ արդեն ընդդիմադիր երկու ուժերն էլ որոշել են վերցնել մանդատները, մնում է միայն կանխատեսել այն հնարավոր սցենարները, որոնց ականատես ենք լինելու մոտ ապագայում։ Դատելով հայտարարություններից, կարծես մի փոքր մեղմվել է այն հռետորաբանությունը, որով հանդես էին գալիս ընդդիմադիր ուժերը նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը մատնանշվում է, բայց կարծես նախկին սրությունն այլևս չունի։
«Հայաստան» դաշինքի հայտարարության համաձայն, նրանք առաջին կետով պետք է փորձեն կանխել Սահմանադրական փոփոխությունները, երկրորդով ստանձնեն Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը, երրորդով զբաղվեն Երևանում գտնվող քաղբանտարկյալների և Բաքվում պահվող ռազմագերիների պաշտպանության իրավունքով ու վերջում փորձեն գործող վարչախմբին հեռացնել իշխանությունից։ Ընդ որում, հայտարարության մեջ չի նշվում Նիկոլ Փաշինյանի անունը։
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանին», ապա այդ ուժը խոստանում է սպասել պատեհ ժամանակի, որպեսզի նոր հանրությանը ոտքի հանի պայքարելու։ Թե այդ պատեհ ժամանակը երբ է գալու, հայտնի չէ ոչ ոքի։ Միաժամանակ նրանք չեն բացառում, որ ինչ-որ մի պահի հնարավոր է ՔՊ-ական որոշ պատգամավորներ միանան ընդդիմությանը։
Բայց ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, ՔՊ հռետորաբանության մեջ ոչ միայն չի նշմարվում որևէ մեղմացում, այլ հակառակ՝ տվյալ ուժը էլ ավելի է կոշտացնում իր մոտեցումները հասնելով սպառնալիքների։ Օրինակ՝ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը, որը ապագայում զբաղեցնելու է ԱԺ նախագահի պաշտոնը, սպառնում է ոչնչացնել բոլոր ընդդիմադիրներին, որոնք կմտնեն խորհրդարան։ Իհարկե, ԱԺ ապագա նախագահը ամեն դեպքում շեշտում է, որ ոչնչացնելու են քաղաքականապես, սակայն կյանքը ցույց է տվել, որ նրանք իրենց արտահայտություններում չեն կարողանում քաղաքական խոսույթը տարբերել վիրավորանքներից, հայհոյանքներից ու սպառնալիքներից, հատկապես, որ երբեմն այդ սպառնալիքներին հաջորդում են գործողությունները։
Եթե որևէ մեկն ինձ կկարողանա համոզել, որ «դոմփելը», «համապատասխան տեղը մտցնելը» հայհոյանք չեն, «կզցնելը», «ականջ կտրելը», «ոտքեր ջարդելը» սպառնալիք չեն, այլ ընդամենը քաղաքական ամենասովորական բառապաշար, ապա ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ ներողություն կխնդրեմ այս տողերի համար։
Բայց քանի դեռ նման ապացույցներ ներկայացված չեն ու հաշվի առնելով արդեն գրեթե նախկին գումարման Ազգային ժողովի մեկնարկը, կարծում եմ, մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ն առաջիկա նիստերից մեկում անպայման հրահրելու է սադրանք, ինչի արդյունքում այդ սադրանքը վերածելու է ծեծ ու ջարդի, որով փորձելու է նորընտիր ընդդիմադիր պատգամավորների «վախը բռնել» այնպես, ինչպես արեց 2021 թվականին։ Իհարկե, ընդդիմադիր պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնք այդ փորձության միջով արդեն անցել են ու ենթադրաբար այս անգամ համեմատաբար զգուշություն կցուցաբերեն, սակայն նորերը, հնարավոր է, արբեցած լինելով մանդատի «ուժով», իրենց մաշկի վրա զգան, թե ինչպե՞ս է արդեն ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Ալեքսանյանը` ոտքը առաջ պարզած, վերին օթյակներից իջնում ներքև։ Ի դեպ, օրերս անդրադառնալով այդ դրվագին, Վահագն Ալեքսանյանն ամենևին չզղջած կատարվածի համար, ավելին՝ արդարացրեց այն, համարելով անհրաժեշտ քայլ, ինչը նշանակում է, որ նման «անհրաժեշտություն» կարող է առաջանալ նաև նոր գումարման Ազգային ժողովում։
Կարեն Կարապետյան

Русский