Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Տեսանյութ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Կլյաուզաներ՝ Ստրասբուրգից. մի բան արեք՝ վերընտրվեմ, ի՞նչ անեմ, ձեզ է՞լ վախեցնեմ, եվրոմեծարգոներ ջան

Եթե Փաշինյանին չճանաչող մեկը լսի նրա ելույթը՝ Եվրոպական խորհրդարանում, կկարծի, թե թշնամի պետության ներկայացուցիչն է խոսում ու քննադատում հայ հոգևորականներին։

Դժվար թե աշխարհում լինի մի երկրի ղեկավար, որը ունակ լինի սեփական ժողովրդի որոշակի հատվածներին Եվրոպայի խորհրդարանի ամբիոնից սևացնել, զրպարտել, վարկաբեկել, մերկապարանոց մեղադրել, այլ կերպ ասած՝ սեփական ձեռքերով ցեխոտած լվացքը ցուցադրել ամբողջ աշխարհին։ Բայց Փաշինյանն այստեղ էլ գերազանցեց ինքն իրեն։

Եվրոպացիները չգիտեն, որ Հայաստանում իշխանությունները հակաեկեղեցական հալածանք են իրականացնում, որ հանձինս հոգևորականների՝ ունենք քաղբանտարկյալներ, որ Հայոց կաթողիկոսին արգելված է դուրս գալ երկրից։ Այստեղ են ասել՝ սելի փոխարեն սելվորն է ճռռում։ Հայաստանի պետական սահմանները խախտողը, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հարյուրավոր կիլոմետրեր նվիրողը ազատության մեջ է ու դեռ  մեղադրում է Հայրենիքը թշնամուն հանձնողի դեմ պայքարողներին։
Իր ղեկավարած երկրում իր վարած քաղաքականության դեմ բողոքի, ընդվզման ցույցերը ճնշելու, կալանավայրերը քաղբանտարկյալներով լցնելու մասին ոչ մի խոսք։

Չհիմնավորված, մերկապարանոց զրպարտությունների, ամոթալի մեղադրանքների տարափ, կլյաուզաներ՝ իբր հայ եկեղեցին «պատերազմի կուսակցություն» է, իշխանությանը հակադրվողները «ռուսամետներ են», ընդդիմադիրները «պատերազմի կողմնակիցներ» են։ Փող տվեք, որ արցախցիներին պահեմ Հայաստանում, վերադարձի իրավունքի էջը ընդմիշտ փակեմ։
Փաշինյանը Ստրասբուրգում խոստացավ, որ մինչև TRIPP-ն իրագործվի, Հայաստանի միջով ճանապարհ կտա Թուրքիային ու Ադրբեջանին։ 

Առջևում ընտրություններ են, Արցախը ճանաչեցի Ադրբեջանի մաս ու ամբողջությամբ նվիրեցի, հայկական երկու պետություններից այս դեղին բրոշը թողեցի, ժողովրդին վախեցրել եմ՝ եթե ինձ չընտրեք, պատերազմ կլինի։ Ձեզ է՞լ  վախեցնեմ, է՞լ ինչ անեմ, մի բան արեք վերընտրվեմ, մեծարգո եվրոպացիներ։

Send