«Հրապարակ» թերթը գրում է․
«Քաղպայմանագիրը» Երեւանի սրտում՝ Կասկադում, վերջերս կուսակցության գրասենյակ է վարձել եւ պատուհաս դարձել տարածքում ապրող ու գործունեություն իրականացնողների համար։ Զրոյից վերանորոգած գրասենյակում, պարզվում է՝ կապի խլացուցիչներ են նաեւ տեղադրել եւ հարկ եղած դեպքում միացնում են դրանք ու այդ ընթացքում շենքում եւ մոտակա հատվածներում խլացնում բջջային կապը։
Հավանաբար, շարքային կուսակցականները վախենում են, որ իրենց էլ կգաղտնալսեն իրենց հեռախոսների միջոցով։ Մենք հայտնել ենք, որ խորհրդարանի իշխանական պատգամավորներից շատերն իրենց աշխատասենյակում նույնպես հատուկ սարքեր են պահում, որոնք թույլ չեն տալիս հեռախոսի միջոցով գաղտնալսում իրականացնել։ Զրույցների ժամանակ հեռախոսը դնում են այդ սարքի մեջ եւ հանգիստ շփվում։ Թե ումից են այսքան անհանգստանում, եւ ով է մեր երկրում, իշխանությունից եւ պետական կառույցներից բացի, գաղտնալսումներ իրականացնում, ոչ մեկը չգիտի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել այս տարվա փետրվարի 11-ին՝ հիմքում դնելով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հրապարակային հայտարարությունները, որոնցում նա կասկածի տակ է դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքը և շահագրգռվածությունը բուքմեյքերական ոլորտի նկատմամբ։ Ըստ պատգամավորի՝ ոլորտում ներգրավված որոշ խոշոր սեփականատերեր ԱԺ նախագահի մտերիմներն են։
Այս հայտարարությունները, որոնք արվել են հրապարակային հարթակում, ըստ էության պարունակում են ոչ միայն քաղաքական գնահատական, այլ նաև քրեաիրավական հնարավոր տարրեր՝ շահերի բախումից մինչև պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Սակայն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, արձագանքելով մեր դիմումին, նախ տեղեկացրել էր, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն հայտնաբերվել։ Սակայն նույն օրը մեկ այլ գրությամբ տեղեկացրել է, որ «դիմումի մեջ նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ստուգողական գործողություններ, որոնք դեռևս շարունակվում են»։
Այս երկակիությունը՝ «վարույթ չկա, բայց ստուգում կա», իրավական տեսանկյունից գուցե բացատրելի է, սակայն հանրային ընկալման մակարդակում ստեղծում է հակասական պատկեր։ Եթե հիմքեր չկան՝ ինչո՞ւ են իրականացվում ստուգումներ։ Իսկ եթե ստուգումները շարունակվում են՝ արդյո՞ք վաղ չէ խոսել հիմքերի բացակայության մասին։
Այսպիսով, մինչ իրավապահ համակարգը զգուշավոր և նուրբ ուսումնասիրում է Ալեն Սիմոնյանի ենթադրյալ կոռուպցիոն շահերը բուքմեյքերական ընկերությունների հետ, այս սկանդալը բացահայտող ՔՊ-ական պատգամավորն արդեն պատժվեց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խիստ նախազգուշացում է տվել Հայկ Սարգսյանին՝ նրան արգելելով ՔՊ ընտրացուցակում ընդգրկվել։ Սա էլ կոռուպցիայի դեմ պայքարի ցցուն օրինակ է։
Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը վերջերս հրապարակել էր սահմռկեցուցիչ թվեր խաղադրույքների կտրուկ աճի վերաբերյալ։
2018-2025 թվականների ինտերնետ շահումով խաղերի և խաղատների խաղադրույքների ծավալը հատել է 8 տրիլիոնի սահմանը։
• 2018 թ․՝ 422,5 միլիարդ դրամ,
• 2019 թ․՝ 1,2 տրիլիոն դրամ,
• 2020 թ․՝ 2,0 տրիլիոն դրամ,
• 2021 թ․՝ 3,9 տրիլիոն դրամ,
• 2022 թ․՝ 5,8 տրիլիոն դրամ,
• 2023 թ․՝ 6,4 տրիլիոն դրամ,
• 2024 թ․՝ 7,2 տրիլիոն դրամ,
• 2025 թ․ հունվար-հուլիս՝ 4,0 տրիլիոն դրամ»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սպասվող ընտրությունների շեմին, ի թիվս այլ «մեթոդների», Նիկոլ Փաշինյանը կիրառում է նաև «քարոզչական» առնվազն երկու գործիք: Առաջինը վերաբերում է նրան, որ այս կամ այն անձի նկատմամբ շինծու «գործերով» նպատակ է հետապնդվում հնարավորինս ավելի շատ «անցանկալի» անձանց լռեցնել, «աչքը վախեցնել», մի խոսքով՝ հեռու պահել ակտիվությունից:
Արդյունքում գնալով ավելի հաճախակի են դառնում որևէ մի բառի, որևէ մի գրառման համար քրեական վարույթ նախաձեռնելու օրինակները: Ճիշտ է՝ այդ «գործերը» անհեթեթ են, անհիմն ու շինծու, բայց իշխանություններն առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով: Իսկ նպատակի մասին նշեցինք:
Երկրորդ «գործիքը» նպատակ ունի հասարակության մեջ, առավել ևս՝ որոշակի ակտիվություն դրսևորողների շրջանում ձևավորել ապատիայի մթնոլորտ: Բացի, մեղմ ասած, հավատ չներշնչող «սոցհարցումների» տվյալներ հրապարակելուց և 50, 60, 65 տոկոս ստանալու «նպատակների» մասին բարձրաձայնելուց, իշխանությունները կիրառում են նաև այլ միջոց: Այս դեպքում նրանք օգտագործում են ոչ թե քպականներին, նույնիսկ ոչ թե մերձքպական սատելիտներին, այլ մարդկանց, որոնք վերջին շրջանում դիրքավորվել են իբրև «Նիկոլին քննադատողներ»: Վերջիններս «պատահական» հանդիպումների ժամանակ «ձեռքի հետ» առաջ են քաշում այն միտքը, թե՝ «ես էլ եմ սրանց դեմ, բայց, դե, հասկանում ենք, որ ամեն ինչ որոշված է, արդեն ընտրված են»: Ավելին, նույն «գործիքների» միջոցով նույնիսկ թվեր են շրջանառում՝ մի քիչ ավելի պակաս, քան 2018-ին ստացածն է, բայց էլի բավականին «սոլիդ» ու ֆանտաստիկայի ժանրից: Զուգահեռաբար, կարևոր են համարում հիմնական ընդդիմադիր ուժերի մասին հեգնանքով խոսել, թե՝ «հա, դեմ եմ սրանց, բայց դե, ախր, ո՞վ գա՝ X-ը, Y-ը, Z-ը»: Հաշվարկը պարզ է. եթե նման «զրույցների» արդյունքում 10-ից գոնե 1-ը հավատա, ուրեմն կհամարեն, որ «միսիան» կատարված է:

Русский