Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոսել է Իրան-ԱՄՆ բանակցությունների մասին։
«Երեկ ես խոսեցի փոխնախագահ Ջ․Դ․ Վենսի հետ, ով ինձ զանգահարեց իր ինքնաթիռից, երբ վերադառնում էր ճամփորդությունից։ Նա ինձ մանրամասն ներկայացրեց, ինչպես այս վարչակազմն անում է ամեն օր, բանակցությունների զարգացումների մասին։ Նա ինձ փոխանցեց, որ նախագահ Թրամփի և Միացյալ Նահանգների հիմնական խնդիրը [Իրանի ուրանի] հարստացված ողջ նյութի հեռացումն է և երաշխավորելը, որ Իրանում հարստացում չի լինի տարիներ, հնարավոր է, տասնամյակներ»,- ասել է Նեթանյահուն:
Ըստ Իսրայելի վարչապետի՝ քանի որ Իրանը խախտել է կանոնները, Թրամփը որոշել է կիրառել շրջափակում, ծովային պաշարում։ «Եվ մենք, իհարկե, պաշտպանում ենք այս հաստատուն դիրքորոշումը»,- նշել է նա` ընդգծելով նաև, որ Իրանի հետ զինադադարը կարող է արագ ավարտվել։
«Մենք միություն ունենք աշխարհի ամենահզոր ազգի հետ և միասին կարող ենք դիմակայել ամենալուրջ սպառնալիքներին: Իսրայելն իր հզորության գագաթնակետին է։ Եթե մենք չգործեինք, ապա այնպիսի վայրեր, ինչպիսիք են Նաթանզը, Ֆորդոն և Բուշերը, կհիշվեին, ինչպես Օսվենցիմը, Մայդանեկը և Սոբիբորը»,- նշել է Բենյամին Նեթանյահուն:

Русский