Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը չզարմացրեց ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։ Այն ուղղակի վերահաստատեց Թուրքիայի գոհունակությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ և այդ կառավարության հետ մեծ հույսեր կապելու ակնկալիքները շեշտեց. «Հիմա մի քանի բան կա ուղղակի, որ Հայաստանը պետք է անի։ Այդ հարցով Հայաստանում ընտրություններ կան, ինչպես գիտեք, հունիսի սկզբին։ Դա էլ կարևոր հանգրվան է լինելու։ Բայց մենք տեսնում ենք, որ հարգարժան պարոն Փաշինյանը այս պահին հանրային կարծիքի հարցումներում, այսպես ասենք, առաջատար է։ Մենք իրապես աջակցում ենք այս հարցում նրա ունեցած կառուցողական դերին։ Այս ուղեգիծը, այս կամքը պետք է շարունակական լինեն»։
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում Ֆիդանի հայտարարությանն արձագանքեց՝ նրան շնորհակալություն հայտնելով։
Քաղաքագետների շրջանում ևս Ֆիդանի հայտարարությունը սենսացիոն չէ. բնական արձագանք է Հայաստանի իշխանությունների աշխատանքին։
Թուրքիան մեծապես հետաքրքրված է TRIPP-ով, թյուրքական աշխարհն իրար միացնելու մեծ հեռանկար է տեսնում, որին Հայաստանի իշխանությունները կողմ են։
Ֆիդանը նաև հայտարարել է. «Հուսով եմ՝ մենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է Կենտրոնական միջանցքի համար։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հրապարակվեց TRIPP-ի վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը: Մենք այս հարցի շուրջ երկու ժամ քննարկումներ ունեցանք իմ հարգարժան գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Մենք կարևորում ենք ադրբեջանական կողմի հեռանկարները: Նախագահ Էրդողանը նույնպես տեղեկացվել է սրա մասին»։
Թուրքիայի արտգործնախարարը չի թաքցրել, որ խանդավառված է TRIPP-ի նոր փաստաթղթի շրջանառումից։ Ադրբեջանի սրտով TRIPP-ի իրագործումը նա կապեց ընտրություններում Փաշինյանի իշխանության վերարտադրման հետ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի միասնական ու լավ մշակված ծրագրի մի մասն են Բաքվում պահվող մեր գերիներն ու պատանդները։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը վստահ է, որ նրանք օգտագործվելու են քաղաքական մեծ նպատակների համար։
Իսկ Բաքվից այսպիսի հայտարարություն է եղել. «Սոցիալական ցանցերում քննարկումները ենթադրում են, որ ներկայում ընթացող դատավարությունների մեջ գտնվողները նույնպես կարող են ի վերջո տեղափոխվել Հայաստան։ Այս ենթադրությունները պատրանքային են։ Խունտայի առաջնորդների և ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած այլ անձանց ազատ արձակումը կամ Հայաստան տեղափոխումը բացառված է։ Նրանք պատասխանատվության կենթարկվեն իրենց կատարած հանցավոր գործողությունների համար, և երբ նրանց մեղքն ապացուցվի, նրանք կպատժվեն»։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին հայ լրագրողները Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանին առցանց հարց են ուղղել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների մասին։ Նա պատասխանեց։ Հայաստանի արտգործնախարարն անգամ չօգտագործեց «հայ գերիներ» կամ «Բաքվում պահվող մեր հայրենակիցներ» բառակապակցությունը, այլ ասաց՝ Ադրբեջանում պահվող անձինք։

Русский