Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Աբբաս Գոլիփուրը իր վարած «Amico» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Փրկարարներն ավտոմեքենայից վարորդին դուրս են բերել արգելափակումից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Русский