Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ»

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին «ուրախավտոբուսային» քարոզչական հերթական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ զորահանդեսանման մի բան, այնուամենայնիվ, նախատեսում է անցկացնել: Փաշինյանը դա մասնավորապես «փաթեթավորել» է այն կերպ, որ բազմապատկած արտաքին պարտքն իբր ծախսել է բացառապես սպառազինություն ձեռք բերելու վրա: Նա, ի մասնավորի, ասել է. «Մտածում ենք, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը: Մենք ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու, դա երևի մայիսին տեղի կունենա, որ ցույց տանք՝ ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել: Ընդ որում, մենք ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք և 2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինությունը»:

Դե, դա հասկանալի է: Նկատի ունենք այն, որ միայն «2022-ից հետո ձեռք բերածը» ցուցադրեն: Չէ՞ որ նախորդ տարիներին հայ ժողովրդի համահավաք ջանքերով ձեռք բերած սպառազինության ու ռազմամթերի մի շատ մեծ մասը (տարբեր տվյալներով՝ 3-5 միլիարդ դոլարի) Փաշինյանի վարած «քաղաքականության» ու պատերազմի «ինքնատիպ» կառավարման հետևանքով թողնվեց թշնամուն՝ որպես ռազմավար: Հետո էլ, միևնույնն է, իրենց նպատակը «ապացուցելն» է, թե նախկինում բան չի եղել, իրենք են լիքը բան առել:

Այն, որ Փաշինյանն ընտրություններից առաջ անգամ տեսախցիկների առաջ ջերմեռանդորեն կրծվող եգիպտացորենի կողրի թելիկներն է փորձելու օգտագործել քարոզչության կամ փիարվելու համար, ակնհայտ էր: Բայց նույնիսկ դա չէ բուն հարցը, այլ այն, թե ինչպես է Փաշինյանը ավանսով համարյա ներողություն խնդրում այդ քարոզչական, ակնհայտորեն նախընտրական զորահանդեսի համար: Փաշինյանը հայտարարում է. «Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունն ընդգծելով և խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»:

 

Եթե վերծանենք Փաշինյանի այս խոսքերը ավելի պարզ արտահայտություններով, ապա նա, ըստ էության, Ալիևից ու Էրդողանից թույլտվություն է հայցում՝ զորահանդես անելու և սպառազինություն ցուցադրելու համար: Ոնց որ ասի. «Մի անհանգստացեք ու չնեղանաք, այս սպառազինությունը, այս զենքերը ձեր դեմ չեն ուղղված, ձեզանից պաշտպանվելու համար չեն, ձեզ նեղացնելու համար չեն, ինձ ուղղակի «վիզ» պետք է ընտրվել»:

Պարզ ասած՝ չի էլ թաքցնում, որ նույնիսկ զորահանդեսն է միմիայն նախընտրական դրսևորում: Իսկ թե որքան վիրավորական է այս ամենը երկրի, պետության համար, ավելորդ է նշել…

Այնինչ, կար ժամանակ, երբ զորահանդեսը պետության, պետականության խորհրդանիշ էր, ուժի ցուցադրություն, ամրության ցուցադրություն, գործոն լինելու ցուցադրություն: Երևի տեղին է հիշել հայտնի «անեկդոտանման» երկխոսությունը, երբ մեկը մյուսին հարցնում է. «Ախր, ե՞րբ է լավ լինելու»: «Արդեն եղել է»,-ասում է մյուսը: «Ե՞րբ»: «Երբ կարծում էինք, թե վատ է»…

Send