Նիդեռլանդների Նեյմեգեն քաղաքի Ռադբոուդումկի համալսարանական բժշկական կենտրոնի տասներկու աշխատակիցներ նախազգուշական կարանտինի մեջ են հայտնվել հանտավիրուսային հիվանդի բուժման ընթացքում պրոտոկոլը խախտելու պատճառով, երեկ հայտարարել է հիվանդանոցը։
Բուժառու է հիվանդանոց ընդունվել մայիսի 7-ին՝ «MV Hondius» զբոսանավի տարհանումից հետո։ Նրա արյունը վերցնելիս բժշկական անձնակազմը հետևել է ստանդարտ ընթացակարգերին, այլ ոչ թե «վիրուսի բնույթի» պատճառով պահանջվող ավելի խիստ պրոտոկոլին։
Հիվանդանոցը նաև հայտնել է, որ հիվանդի մեզը չի հեռացվել միջազգային վերջին ուղեցույցներին համապատասխան։
Առողջապահական աշխատողները կմնան նախազգուշական կարանտինի մեջ 6 շաբաթ, «չնայած վարակի ռիսկը ցածր է»: Հանտավիրուսային հիվանդը նույնպես կարանտինի մեջ է։ «Մենք ցավում ենք, որ սա տեղի է ունեցել մեր համալսարանական բժշկական կենտրոնում։ Մենք ուշադիր կվերանայենք իրադարձությունները՝ դասեր քաղելու և կրկնությունը կանխելու համար», - ասել է Ռադբոուդումկի խորհրդի նախագահ Բերտինա Լահեյսը։
«MV Hondius» զբոսանավը երեքշաբթի օրը սկսել է իր վերադարձի ճանապարհը դեպի Նիդեռլանդներ, այն բանից հետո, երբ դրա վերջին ուղևորները իջել են կիրակի օրը սկսված խոշոր տարհանման գործողության շրջանակներում։
28 տարհանվածներից բաղկացած վերջին խումբը չարտերային ավտոբուսներով մեկնել է Տեներիֆեի հարավային օդանավակայան և նստել երկու ինքնաթիռներ, որոնք երեքշաբթի առավոտյան վաղ վայրէջք են կատարել Նիդեռլանդներում։
Թռիչքներից մեկում հիմնականում անձնակազմի անդամներն են եղել՝ 17 ֆիլիպինցի քաղաքացի, մեկ հոլանդացի և մեկ գերմանացի քաղաքացի, ինչպես նաև բրիտանացի բժիշկ և երկու համաճարակաբան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ առնվազն 7 տարհանվածների մոտ հանտավիրուս է հայտնաբերվել, և մեկ այլ դեպք համարվում է «հավանական»։

Русский