«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ, մինչ ներկուսակցական ընտրությունները կլինեն, եւ հայտնի կդառնա, թե ովքեր ցուցակի որ հորիզոնականում են տեղավորվելու, ՔՊ-ականներն ակտիվ ներգրավված են տարածքային կառույցների, ինչպես նաեւ՝ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։ Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ՔՊ-ն ԸԸՀ հանձնաժողովների «ձիգ» թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում, եւ թեկնածուների անունները կներկայացվեն ԿԸՀ։ Ինչպես հայտնի է՝ օրենքով սահմանվում է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը 2-ական թեկնածու կարող են առաջադրել ԸԸՀ հանձնաժողովներում։ Եվ չնայած ՔՊ-ականների շարքերում դեռ իրենց ճակատագրի հարցով խոր անորոշություն է, եւ հայտնի չէ ով կլինի ցուցակի անցողիկ տեղում, ով ոչ, սակայն, մեր աղբյուրի վստահեցմամբ, բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում, քանի որ հասկանում են, որ դրանից է կախված, թե ընտրությունից հետո, եթե ՔՊ-ն իշխանություն վերցնի, իրենց կյանքն ինչ ընթացքով կշարունակվի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հրապարակվեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2025 թվականի տվյալները։ Իհարկե, նույն զեկույցի համաձայն՝ կոռուպցիան ամբողջ աշխարհում խորանում է, ուստի նույնը կարելի է ասել նաև Հայաստանի մասին։ Հայաստանում կոռուպցիայի ընկալումը 2020 թվականից հետո կանգ է առել․ Հայաստանը 182 երկրների ցանկում կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքներով 65-րդ տեղում է։
«Նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրներում արձանագրվում է կոռուպցիայի աճ՝ առաջնորդության անկման պայմաններում։ Ամենամյա պարբերությամբ հրապարակվող այս համաթիվը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում ԿԸՀ համաթվի 80-ից բարձր միավոր ստացած երկրների թիվը նվազել է՝ 12-ից հասնելով ընդամենը 5-ի»,- նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի զեկույցում։
Այնինչ, եթե փորձենք Հայաստանի կոռուպցիոն պատկերը «zoom out» անել՝ փոքրացնել, կտեսնենք, որ 2018-2025 թվականների համեմատությամբ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը բարելավվել է, սակայն 2020-ից հետո առաջընթացը կանգ է առել, և նկատվում է թեթև հետընթաց․
2018-2020 → կտրուկ բարելավում (35 → 49)
2020-2025 → բարելավումը կանգ է առել, մի քիչ էլ վատացել (49 → 46)։
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին Կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը կազմել է 35, իսկ 2026 թվականին այն աճել է 10 միավորով։
Այսինքն՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալումը 2018 թվականից ի վեր աճել է գրեթե 31,4 %-ով։
Հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձրագոչ հնչեցնում էր, որ «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու», այնինչ մկներ և ձկներ աճեցին հենց ոչ բռնի և թավշյա հեղափոխությունից հետո։
«2025 թ. 182 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը (2024 թ.-ին Հայաստանը կիսում էր 63-64-րդ տեղերը 180 երկրների շարքում)։ Գծապատկեր 2-ում ներկայացված են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի, 2024 ԿԸՀ արժեքները։ Ինչպես երևում է գծապատկերից՝ Հայաստանն իր 2025 թ. ԿԸՀ համաթվի արժեքով ԵԽ այն 42 երկրների մեջ, որոնց ԿԸՀ-ն 2025 թվականին հաշվարկվել է, Մոնտենեգրոյի հետ կիսում է 30-31-րդ տեղերը, ընդ որում ԵՄ անդամ 27 երկրներից միայն երեք երկրների (Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա) ԿԸՀ համաթվի արժեքներն են Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքից ցածր։ Սա բավականին համեստ ցուցանիշ է, որը նաև ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն բարեփոխումները դեռևս չեն տալիս գործարարների և փորձագետների ակնկալած արդյունքները, որոնց ընկալումները չափում է ԿԸՀ-ն։
Ինչպես երևում է գծապատկերից՝ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի զեկույցում»։

Русский