Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն, Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, ինչու որդին չի ծառայում. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը օրերս բավական կոշտ բառապաշարով էր խոսում հավաքականի մասին՝ հայտարարելով. «Թող մաքրվեն, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պատերազմի»։ Սակայն այս հայտարարության ֆոնին ուշագրավ է հենց մարզչի քաղաքացիության հարցը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մելիքյանը ՀՀ քաղաքացիություն չունի։

Մելիքյանն անձամբ է հրապարակային հարցազրույցում հայտնել, որ ունի Ուկրաինայի քաղաքացիություն և հանդես է եկել ուկրաինական անձնագրով։

Ստացվում է՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը «պատերազմ գնալու» բառապաշարով հայրենասիրության չափանիշներ է սահմանում ֆուտբոլիստների համար, մինչդեռ ինքն ունի այլ երկրի քաղաքացիություն։

Առանձին պարզաբանման կարիք ունի նաև նրա որդու կարգավիճակը։ Եթե նա ևս ՀՀ քաղաքացի չէ և այդ պատճառով չի ծառայել ու չի ծառայելու Հայաստանի զինված ուժերում, այդ հիմքով նրա վրա չի տարածվել կամ չի տարածվելու ՀՀ պարտադիր զինվորական ծառայության պահանջը։

Հայրենասիրության և «պատերազմ գնալու» մասին բարձրագոչ հայտարարությունները հատկապես պարտավորեցնող են, երբ դրանք հնչեցնում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

«Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալ Եղիշե Մելիքյանից, սակայն նա այդպես էլ չմեկնաբանեց իրեն առնչվող հարցերը»։

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը փորձում է «Նուբարաշենի» 57-րդ խցից իրեն համայնքապետ զգալ եւ ուսուցիչների տոնի առիթով հայտարարություն է տարածում, իսկ Մեղրիում նախընտրական քարոզարշավ է։

Օրեր առաջ ՔՊ շարքերն անցած ՔՊ-ի համայնքապետի թեկնածու, գործարար Սերգո Գալստյանը, կրկնօրինակելով Փաշինյանին, տնետուն քարոզարշավ է անում՝ նրա լոզունգներով․ այդ մեկը դու ես, խնդրում է մեղրեցիներին՝ մասնակցել ընտրություններին ու ընտրել իրեն։ Նրա հետ է նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը հոկտեմբերի 1-ից արձակուրդ է վերցրել, որ քարոզարշավին ակտիվորեն մասնակցի։ Փոխարենը ՔՊ Մեղրու կառույցի հնաբնակներն ակտիվորեն ներգրավված չեն նախընտրական պրոցեսին:

Չնայած նրանք մասնակցում են քարոզարշավին, բայց՝ կիսատ-պռատ, քանի որ իրենց կառույցի ղեկավար Անդրեասյանն անազատության մեջ է։ Քարոզարշավի նպատակով արձակուրդ են վերցրել նաեւ Գեղարքունիքի, Տավուշի մարզպետները։

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին ՔՊ վարչության նիստում նախկին իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանին (Շիշ բռնողին) կուսակցությունից հեռացնելու որոշումն ընդունվել է միաձայն, թեպետ Հայկը մի հաստափոր տրցակով է ներկայացել` իրեն արդարացնող փաստարկներով, եւ փորձել է անգամ մեղադրանքներ հնչեցնել իր որոշ կուսակիցների հասցեին, որը նա ժամանակին հրապարակել էր հայտնի եւ իր համար ճակատագրական դարձած հարցազրույցում: Սակայն դա նրա կուսակիցների վրա որեւէ ազդեցություն չի գործել, քանի որ որոշումը կայացվել է առաջին դեմքի մակարդակով, եւ դա է եղել պատճառը, որ որեւէ մեկը չի հանդգնել Փաշինյանին դեմ գնալ եւ առարկել այդ որոշմանը։

Ավելին, մեր աղբյուրները կարծում են, որ Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու, առաջիկայում քրեական հետապնդումներ կսկսվեն նրա նկատմամբ, եւ Փաշինյանի հրահանգը, թե այս պատմության մեջ մեկը պետք է բանտ նստի, նաեւ հայտարարությունը, թե Հայկ Սարգսյանը ձգտում էր օլիգարխ դառնալ, իրականություն կդառնա։

Send