Արման Ծառուկյանը վստահ է, որ Իսլամ Մախաչևը երկար չի մնա սպորտում, ուստի շուտով UFC-ում նոր գլխավոր դեմք ի հայտ կգա՝ ի դեմս իրեն։ Այս մասին գրում է Արմսպորտը։
Ինչպես հայտնի է, թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատարի տիտղոսային մենամարտը Իսլամ Մախաչևի դեմ, որը պետք է կայանար 15 ամիս առաջ UFC 311 մրցաշարում, չեղարկվել էր։ Թեև Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կայացել էր հայ և ռուս մարտիկների հայացքների մենամարտը, օկտագոն դուրս գալուց ընդամենը մեկ օր առաջ Ծառուկյանը վնասվածքի պատճառով հրաժարվել էր գոտու համար պայքարից:
Դրանից հետո Արմանը հանդես եկավ միայն նոյեմբերին՝ Կատարում կայացած UFC մրցաշարում հաղթելով Դեն Հուքերին: Վերջին շրջանում դա նրա միակ մենամարտն է պրոմոուշենում: Իր ելույթների հիմնական մասը նա անցկացրել է օկտագոնից դուրս՝ մասնակցելով գրեփլինգի տարբեր մրցաշարերի:
Այդ ընթացքում Մախաչևն ազատել էր թեթև քաշային կարգի տիտղոսը, բարձրացել կիսամիջին քաշային կարգ և, հաղթելով Ջեք Դելա Մադալենային, դարձել արդեն երկրորդ դիվիզիոնի չեմպիոն:
Անգամ եթե Մախաչևի հետ ռևանշն այդպես էլ չկայանա, Ծառուկյանը հիասթափված չէ: Նա վստահ է, որ մրցակիցը շուտով կավարտի կարիերան, իսկ լավագույնների վարկանիշային աղյուսակում ազատված առաջին հորիզոնականը կզբաղեցնի նոր աստղ:
«Անկեղծ ասած, ես այլևս նրա հետևից չեմ ընկնում։ Կարծում եմ՝ մեկ-երկու մենամարտից հետո նա կավարտի կարիերան: Իսկ ես պատրաստվում եմ առաջիկա տարվա ընթացքում իմ վերահսկողության տակ վերցնել այս սպորտաձևը: Մարդիկ ինձ կտեսնեն ու միանգամից կասոցացնեն UFC-ի հետ, որովհետև ես կդառնամ կազմակերպության դեմքը։ Ինձ միայն չեմպիոնական գոտին է պետք, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի»,- հայտարարել է Ծառուկյանը:

Русский