Տևական ժամանակ է՝ հայկական արտադրության սննդամթերքի, այդ թվում՝ գյուղմթերքի, ինչպես նաև ծաղիկների, ալկոհոլային որոշ խմիչքների ու հանքային ջրերի արտահանման հիմնական՝ ռուսական շուկան փակ է։ Հունիսի 12-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներմուծումն ու դրա տարանցումը ԵԱՏՄ այլ երկրներ, ինչն ստեղծված իրավիճակում լուրջ հարցեր է առաջացրել թե՛ հայ արտադրողների, ֆերմերների ու գյուղմթերք աճեցնողների, թե՛ կառավարության համար։
Տնտեսվարողներն անորոշության մեջ են՝ ինչպե՞ս են կարողանալու իրացնել իրենց հսկայական քանակությամբ արտադրանքը։ Դրա զգալի մասը դեռ նախորդ տարի վաճառվում էր ռուսական շուկայում, և այդ փորձառությամբ առաջնորդվելով՝ այս տարի ևս արտադրական ծավալները մեծ են եղել, իսկ ծախսված միջոցները՝ բավականին զգալի։
Կառավարությունն առ այսօր չի կարողանում ռուսական կողմի հետ լեզու գտնել այնպես, որ սահմանափակումները վերացվեն՝ չնայած բանակցությունների փորձերին ու Ռուսաստան բանագնացներ ուղարկելու ջանքերին։
Գործադիրում Ռուսաստանի քայլերը երբեմն քաղաքական են գնահատվում, երբեմն էլ վարչապետը հայտարարում է, թե իսկապես սննդի որակի խնդիր կա, և ռուսական կողմն իրավացի է սննդամթերքի ներմուծման պահանջները խստացնելու հարցում։
Իր հերթին, Կրեմլը որևէ քաղաքական գնահատական չի տալիս նմանատիպ տնտեսական սահմանափակումներին։ Ռուսաստանից միայն շարունակում են պնդել, որ իրենց կատարած ուսումնասիրություններով Հայաստանից ներմուծվող տեղական սննդամթերքն ու ծաղիկները առնվազն խնդրահարույց են, իսկ վատագույն դեպքում՝ վտանգավոր քաղաքացիների կյանքի և առողջության համար։
Օրերս «Ռոսսելխոզնադզոր»-ը ներկայացրել է այն պայմանները, որոնց ապահովման դեպքում պատրաստակամ կլինի վերացնել հայկական արտադրանքի սահմանափակումները և նախկինի պես ապահովել դրանց սպառումը։ Գերատեսչության ղեկավարը ռուսական լրատվամիջոցին հայտնել է, որ Հայաստանից ակնկալում են տրամադրել իրենց հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների ծրագիրը։
Հայտնի է, որ կառավարությունն արդեն փորձել է քաղաքական ճանապարհով կարգավորել հարաբերությունները։ Վերջերս Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնությամբ զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հավանաբար նաև այս խնդրով զրուցելու նպատակով։ Դրանից հետո՝ օգոստոսի 13-ին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ալմաթիում՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի շրջանակում, հանդիպել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ՝ քննարկելով հայկական գյուղմթերքի մատակարարման և տարանցման սահմանափակումների վերացման պայմանները։
Սակայն, ըստ ամենայնի, այս ջանքերը դրական արդյունք չեն տվել, և թերևս հենց այդ հուսահատության հետևանք էր կառավարության նիստից հետո վարչապետի արած հայտարարությունը։ Փաշինյանը լրագրողներին հայտնել է, որ անգամ եթե առաջիկա մեկ ժամում Ռուսաստանը բացի իր շուկան, շուկայի դիվերսիֆիկացումն այլևս անդառնալի որոշում է.
«Մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան լինի, որպեսզի նման իրավիճակներից մեզ մեկընդմիշտ ապահովագրենք»։
Ի դեպ, MediaHub-ը հետաքրքրվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ), թե արդյոք քայլեր արվում են «Ռոսսելխոզնադզոր»-ի պահանջները կատարելու և վստահությունը վերականգնելու ուղղությամբ։ Ի պատասխան՝ հայտնել են, որ ՍԱՏՄ-ն մշտական աշխատանքային կապի մեջ է ռուս գործընկերների հետ։ Կառուցողական երկխոսության շրջանակում հստակեցվում են համատեղ քայլերի հաջորդականությունն ու գործողությունների ալգորիթմը, համաձայնեցվում են ԵԱՏՄ չափանիշների պահպանմանն ուղղված միջոցառումները։
«Նկատի ունենալով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ինչպես նաև հաշվի առնելով գործընթացի շարունակական բնույթը՝ նախնական կամ ընթացիկ մանրամասների հրապարակումն այս փուլում վաղաժամ ենք համարում: Վերջնական հստակեցված արդյունքների և իրականացված միջոցառումների մասին Տեսչական մարմինը կտեղեկացնի հավելյալ հայտարարությամբ»,- նշված է կառույցի պատասխանում։
Թագուհի Ասլանյան

Русский