Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կիսատ բա՞ն է մնացել․ ինչո՞ւ է Փաշինյանը կրկին մեկնում Մոսկվա

Blog Image

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մեկնելու է Մոսկվա։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։
 
Ի՞նչ է մնացել քննարկելու Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Արդյո՞ք Մոսկվայում նոր պայմանավորվածություններ են սպասվում, թե՞ կողմերն արդեն քննարկել են հիմնական հարցերը, իսկ առաջիկա հանդիպումը պարզապես ձեռք բերված պայմանավորվածությունները վերջնականացնելու նպատակ ունի։
 
Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանի հետ։
 
«Եթե Բիշքեկի Փաշինյան-Պուտին հանդիպումը դատենք միայն այն փաստով, ինչն արդեն մեզ հասանելի է, ապա բավականին հասկանալի է դառնում, որ Ռուսաստանի դիրքորոշումը բավականին կոշտացել է։ Կարծում եմ՝ դա որոշակիորեն անակնկալ էր Հայաստանի վարչապետի համար, որովհետև հայկական կողմը չէր պատկերացնում, որ Ռուսաստանը կարող է այդքան կոշտացնել ճնշումը։ Երևանը հույս ուներ, որ Ռուսաստանը մինչև վերջին քայլին չի դիմի։
 
Հանդիպումը Հայաստանի համար ավարտվեց ոչ այնքան բարի խոսակցություններով՝ այդ թվում՝ ռուսական ռազմաբազայի հետ կապված։ Ռուսաստանի նախագահը, ըստ էության, հասկացրեց՝ եթե չեք ուզում, մենք կարող ենք այնտեղից հեռանալ։ Եվ սա հանրության համար ամենագլխավոր խնդիրներից մեկն է։ Եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանի տարածքից, դա կարող է լուրջ հարցեր առաջացնել նաև Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների և հնարավոր անդամակցության գործընթացի համատեքստում, որովհետև այդ դեպքում մենք անվտանգության որևէ լուրջ երաշխիք՝ տարածքային կամ տարածաշրջանային, կարող ենք չունենալ։
 
Իսկ վարչապետի՝ հանդիպումից հետո հնչեցրած հայտարարությունները, թե շատ լավ տպավորություններ ունի Պուտինի հետ հանդիպումից և մոտ օրերին պատրաստվում է մեկնել Մոսկվա, ես շատ լուրջ չէի ընդունի։ Կարծում եմ՝ հայկական կողմը փորձում է հանրության համար փարատել այն մտահոգությունները, որոնք առաջանում են ռուսական կողմի ճնշման հետևանքով»,- նշեց վերլուծաբանը։
 
Վանեսքեհյանի խոսքով՝ Բիշքեկում քննարկված հարցերը կրկին լինելու են Մոսկվայի օրակարգում, սակայն այս անգամ հայկական կողմը կարող է ավելի զգուշավոր դիրքորոշում ներկայացնել։ «Փաշինյան-Պուտին հանդիպումը, ամենայն հավանականությամբ, մոտ օրերին՝ մինչև տարեվերջ, տեղի կունենա։ Շատ եմ կասկածում, որ Փաշինյանն իր սեփական կարծիքը ինչ-որ հարցում ունի կամ կարող է ունենալ»,- նշեց նա։
 
Այն հարցերի մասին, որոնց շուրջ խոսել էին Բիշքեկում, կրկին քննարկվելու և խոսվելու է։ Բայց կարծում եմ՝ հայկական կողմը ստիպված է լինելու այնտեղ մի կերպ խոսել, հետո գալ Հայաստան և հանրությանը այլ կերպ ներկայացնել այդ ամենը։
 
«Կարծում եմ՝ այդ խաղը մեր կառավարությունը դեռ մեկ-մեկուկես տարի կարող է ձգել։ Բայց կասկածում եմ, որ այդ ընթացքում կարմիր գծերը չհատվեն։ Երկաթուղու, գազի, նույնիսկ միջուկային էներգետիկայի հետ կապված հարցերում կարող են փորձել հատել այդ կարմիր գծերը։ Բայց գալու է մի պահ, երբ այլևս հնարավոր չի լինի քարոզչական մեխանիզմներով այնպես աշխատել, որ հանրությունը չնկատի այդ բոլոր վտանգները։ Հանդիպման ժամանակ ամենակարևոր խոսակցությունը, կարծում եմ, լինելու է նաև հանրաքվեի մասին»,- ասաց վերլուծաբանը։
 
Ալիտա Եղիազարյան

Send