«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով քաղաքական որոշում է կայացվել փոխել կալանքի տակ գտնվող ազգային բարերար, խոշոր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը և նրան հնարավորություն տալ դուրս գալ ակտիվ քաղաքական դաշտ։
Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Կարապետյանի քաղաքական ակտիվացումը և հրապարակային ելույթները առավել շահեկան են լինելու հենց իշխանության համար։ Սամվել Կարապետյանը լավ հռետոր չէ, մանիպուլյացիաների դաշտում չկա, իսկ առանց ճարտար խոսքի քարոզարշավը լավ ուղղությամբ չի կարող գնալ։
Իշխանական շրջանակներում նաև քննարկվել է այն, որ Կարապետյանի վերջին հրապարակային ելույթը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի օրը արհեստական բանականությամբ էր գեներացված, ինչը արդեն ցուցիչ է, որ նա քաղաքական տեքստերի խնդիր ունի։ Այդ հաշվարկով էլ Սամվել Կարապետյանին հնարավորություն տալով ազատ քաղաքական գործունեություն ծավալել՝ իշխանությունը ակնկալում է, որ հանրային դաշտում կբերի վերջինիս վարկանիշային կորուստների։
Կարճ ասած՝ իշխանության հաշվարկը պարզ է․ Կարապետյանի ազատությունը քաղաքական տեխնոլոգիա է, այլ ոչ իրավաբանություն կամ արդարադատություն։
Թե երբ կկայացվի խափանման միջոցի փոփոխության վերջնական որոշումը, մեր աղբյուրները հստակ ժամկետներ չնշեցին։ Սակայն քարոզարշավին մասնակցելու հնարավորություն նրան կտրվի»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանի «հատիկ առ հատիկ» հեշթեգի տրամաբանության մեջ գործող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել դատարան, այս անգամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Սեւանում գտնվող «Հարսնաքար» համալիրի վերաբերյալ։ Հայրապետյանի եւ նրա ընտանիքի դեմ մեկ այլ հայց էլ կա՝ ենթադրյալ ապօրինի գույքերը բռնագրավելու պահանջով, որն այժմ դատաքննության փուլում է։
Հետաքրքիր է, որ «Հարսնաքարի» դրվագն առանձնացրել են, եւ գույքը խլելու հայցը ներկայացվել է «Հարսնաքար» ՍՊԸ-ի եւ ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։ 2,5 ամիս առաջ, երբ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտարարեց, թե ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ մի իրավաբանական անձի միջեւ 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հա հողամասի վարձակալության պայմանագիր, եւ դատախազությունն առաջարկում է այդ պայմանագիրը լուծել ու հողամասի վրա առկա գույքերն օտարել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, խոսքը հենց «Հարսնաքարի» տարածքի մասին էր: Իսկ թե ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը, բիզնեսը սեփականատիրոջից խլում, դա երեւի միայն Վարդապետյանին է հայտնի:

Русский