Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ անի քաղաքացին, երբ սնունդը «ոսկուց թանկ է»

Blog Image

Վերջին շրջանում արձանագրվող գնաճի ֆոնին սպառողների ահազանգերը զգալիորեն աճել են։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը  նշում է, որ մարդիկ հիմնականում այլևս չեն բողոքում  կոնկրետ մեկ ապրանքից․ դժգոհությունն ընդհանուր բնույթ է կրում։

«Վերջին օրերին քաղաքացիները փորձում են հասկանալ՝ որն է տեղի ունեցողի տրամաբանությունը։ Ամենաշատ բողոքները վերաբերում են տավարի մսին, սակայն դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հենց այդ ապրանքն է դարձել հանրային ակտիվ քննարկման թեմա»,– MediaHub-ի հետ զրույցում ասաց  Պիպոյանը։

Նրա խոսքով՝ հասարակության մի հատվածի մոտ տպավորություն է ձևավորվել, թե գնաճը պետական կառույցների, մասնավորապես, Կենտրոնական բանկի գնահատմամբ, համարվում է կառավարելի, և իրավիճակը չի դիտարկվում որպես ահագնացող խնդիր։ Մինչդեռ, զուգահեռաբար, բարձրանում են բանջարեղենի, կաթնամթերքի, մսամթերքի, հացամթերքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների գները՝ հաճախ ավելի բարձր տոկոսներով։

Պիպոյանը շեշտում է, որ պաշտոնական միջինացված ցուցանիշները հաճախ չեն արտացոլում մարդկանց իրական կյանքի պատկերը. «Երբ ամենօրյա սպառման ապրանքները թանկանում են, օրինակ, 10%-ով, իսկ ոչ առաջնահերթ ապրանքները՝ 1%-ով, միջին հաշվարկով ստացվում է 5% գնաճ։ Բայց մարդն իր առօրյայում զգում է հենց այն 10%-ը, որովհետև իր սպառման զամբյուղի հիմքում առաջին անհրաժեշտության ապրանքներն են»։
 
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը՝ անդրադառնալով նաև «կառավարելի գնաճ» հասկացությանը՝ նշեց, որ տնտեսագիտական տեսանկյունից 2-3 տոկոս գնաճը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը՝ ապահովելով որոշակի դինամիկա։ Սակայն, նրա համոզմամբ, խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ եկամուտների աճը համահունչ չէ գնաճին։

«Եթե մարդը ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ և ամսական ծախսում է նույնքան, ապա նույնիսկ 2% գնաճի դեպքում նրա ծախսերը դառնում են 102 հազար դրամ։ Եթե եկամուտը չի ավելանում, ամսվա վերջում նա կանգնում է փաստի առաջ. կարող է գնել միայն ամենաանհրաժեշտը, օրինակ՝ հաց, իսկ մնացածի համար գումար չի մնում»,– նշում է Պիպոյանը։

Նա կասկածի տակ է դնում նաև թոշակառուներին տրամադրվող քեշբեքի արդյունավետությունը՝ հատկապես գյուղական համայնքներում։ Նրա խոսքով՝ փոքր գյուղական խանութներում վճարումները հիմնականում կատարվում են կանխիկ, և անկանխիկ համակարգերի կիրառումը միշտ չէ, որ իրատեսական է։ 

«Պատկերացնո՞ւմ եք՝ գյուղի փոքր կրպակները ամբողջ շրջանառությունն իրականացնեն միայն փոխանցումներով, հաջորդ օրը պարզապես կփակվեն»,- նշեց ՀԿ նախագահը։

Տավարի մսի գնաճի մասով Պիպոյանը մտահոգիչ է համարում անասնագլխաքանակի նվազումը։ Նրա խոսքով՝ թեև թղթի վրա գործում է սպանդանոցային մորթի համակարգը, իրականում երբեմն ձեռք են բերվում միայն համապատասխան փաստաթղթեր, ինչը լրացուցիչ ծախս է ստեղծում և ազդում ինքնարժեքի վրա։

Հարցին, թե ինչ կարող է անել քաղաքացին, Պիպոյանը պատասխանեց՝ կան ոլորտներ, որտեղ քաղաքացիական ակտիվությունն ու բողոքը կարող են ազդեցություն ունենալ, սակայն կան նաև հարցեր, որոնք քաղաքական լուծումներ են պահանջում։ Այդ դեպքերում քաղաքացին ստիպված է սպասել համակարգային փոփոխությունների։

Ամփոփելով խոսքը՝ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ գնաճը դառնում է լուրջ սոցիալական խնդիր այն դեպքում, երբ դրան համընթաց չի ապահովվում եկամուտների աճ.

«Առկա մարտահրավերները պահանջում են ոչ թե կարճաժամկետ քաղաքական հայտարարություններ, այլ հստակ հայեցակարգեր, ռազմավարություններ և հետևողական աշխատանք, որպեսզի խնդիրները լուծվեն գործնականում, ոչ թե մնան թղթի վրա»։

Ալիտա Եղիազարյան

Send