«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել դիվանագիտական խողովակները՝ Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատմամշակութային կոթողների ոչնչացումն ու յուրացումը միջազգային մակարդակով լեգիտիմացնելու համար։
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, Ադրբեջանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոյին, Մեքսիկայի ԱԳՆ-ին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
«Փաստի» հետ զրույցում «ՀայաՔվեից» հայտնեցին, որ դիմումների հիմքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ սեպտեմբերին բռնազավթված Արցախի տարածքներ կազմակերպված դիվանագիտական այցն է։ Ըստ կառույցի՝ նման միջոցառումներն ուղղված են հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության բացահայտ խեղաթյուրմանը, յուրացմանն ու Արցախում հայկական պատմական հետքի հետևողական վերացմանը։
«ՀայաՔվեն» արձանագրում է, որ միջազգային դիվանագետների մասնակցությամբ նմանօրինակ բեմադրությունները չպետք է ծառայեն Բաքվի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, մշակութային կեղծիքի և տեղահանված հայության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացմանը։
Միջազգային գործընկերներից «ՀայաՔվեն» պահանջում է հստակ տարանջատել Ադրբեջանի հետ բնականոն դիվանագիտական ու տնտեսական համագործակցությունը հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունից, հանդես գալ հայկական հոգևոր-մշակութային արժեքների պաշտպանության հստակ դիրքորոշմամբ, աջակցել UNESCO-ի անկախ առաքելության մուտքին Արցախ, ինչպես նաև միջազգային բոլոր ատյաններում պաշտպանել արցախահայերի՝ իրենց հայրենիք անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի հիմնարար իրավունքը։ «ՀայաՔվեից» հայտնում են, որ հաստատակամ են հետևողականորեն բարձրաձայնել այս հարցերը միջազգային բոլոր հարթակներում։
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ մի խումբ ուսուցիչներ մեզ ահազանգել էին, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը իրենց դիմումները, այսինքն մեկ տարվա կտրվածքով անորոշ է մնում իրենց ատեստավորման ճակատագիրը։
Ատեստավորման դիմումները, ինչպես հայտնի է, ներկայացվում են առցանց հայտագրման միջոցով, նախարարությունը հաստատում է դիմումը եւ նշանակում քննության օր եւ ժամ: Իսկ հերթական հայտարարագրման վերջնաժամկետը երեկ էր: Տասնյակ ուսուցիչներ իրենց հայտերի հաստատում չէին ստացել, չէին կարողացել նաեւ ողջ օրը նախարարությունից պարզաբանում ստանալ` նրանց հարյուրավոր զանգեր մնացել էին անպատասխան:
Հերթական անփույթ ու անկազմակերպ գործելաոճի պատճառով գործընթացը տապալվել է: Այդ պատճառով ԿԳՄՍՆ-ն ստիպված եղավ հայտարարել, որ հայտագրման ժամկետը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 11-ը: Իսկ թե որն է եղել խնդիրը, մեզ չմանրամասնեցին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսին գրել էր, որ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանը նպատակ ունի աշխատանքից ազատել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին։
Երեկ արդեն Խաչիկյանին ազատել են աշխատանքից։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Խաչիկյանի վերջին աշխատանքային օրն է եղել ԱԺ աշխատակազմում։ Մեր տեղեկություններով՝ աշխատակազմի ներկայացուցիչները հրաժեշտ են տվել նրան, որից հետո նա հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
Սակայն, ինչպես պարզվում է, ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները միայն այսքանով չեն ավարտվում։
«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանն արդեն որոշում ունի, թե ում է ցանկանում նշանակել ազատված պաշտոնում։ Խոսքը, ըստ մեր տեղեկությունների, իր մտերիմներից և նաև համակուրսեցի՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի մասին է խոսքը։
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արթուր Մարտիրոսյանին երեկ նկատել են ԱԺ աշխատակազմում, և նա արդեն մուտք է ունեցել Համբարյանի մոտ։
Այսպիսով, ԱԺ աշխատակազմում մի պաշտոն ազատվում է, իսկ դրա փոխարեն նոր թեկնածուի անունը, կարծես, արդեն իսկ որոշված է։
Իսկ ո՞վ է Արթուր Մարտիրոսյանը։
Մենք նրա մասին գրել էինք, որ նա ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի փետրվարի 12-ին»։

Русский