Երկու օր է, ինչ քննարկվում է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու թեման։ Մոտեցումները բաժանվում են երկու խմբի՝ ճի՞շտ է արել գեներալը, թե՝ ոչ։ Անձամբ իմ կարծիքով Տեր-Գրիգորյանցի քայլն այդքան էլ տեղին չէր։ Կարելի է նեղանալ իշխանությունից, կարելի է ու պետք է մերժել այս իշխանությանը, կարելի է ու պետք է ամենակոշտ քաղաքական գնահատականը տալ այս իշխանություններին, սակայն նեղանալ պետությունից, մերժել պետությանը այդքան էլ ճիշտ քայլ չէ։ Բնականաբար հաշվի առնելով Տեր-Գրիգորյանցի տարիքը որևէ մեկը չէր ակնկալում նրանից փողոցային ակտիվ պայքար, քաղաքական բուռն գործունեություն, սակայն քաղաքացիությունից հրաժարվելը նույնպես հարցի լուծում չէ։
Սակայն եթե Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլի շուրջ կարող է լինել երկու կարծիք ու բավարար ինֆորմացիայի կամ փաստարկների դեպքում գուցե և նրանք, որոնք գտնում էին, որ չպետք է նա հրաժարվեր ՀՀ քաղաքացիությունից, փոխեն իրենց դիրքորոշումը, ապա իշխանության պարագայում չեն կարող լինել տարբեր մոտեցումներ։ Իշխանության արձագանքը միանշանակ դատապարտելի է ու հակապետական։ Պետական մտածողությամբ օժտված իշխանությունը չպետք է թույլ տա իր քաղաքացուն պարզապես մեկ հայտարարությամբ հրաժարվել քաղաքացիությունից։ Բնականաբար խոսքս բռնի ուժով արգելելու կամ մարդու իրավունքները ոտնահարելու մասին չէ։ Պետությունը պետք է հստակ քայլերով փորձի կանխել իր քաղաքացու հեռացումը։ Պետությունը պետք է անի հնարավորինը, ու երբ սպառվեն ողջամիտ փորձերը, ապա միայն դրանից հետո հայտարարի. «Դուք զրկված եք քաղաքացիությունից»: Ընդ որում, խոսքը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին` անկախ նրանց կենսագրությունից կամ ներկայումս զբաղեցրած դիրքից։ Իրեն հարգող յուրաքանչյուր պետության համար իր քաղաքացին պետք է լինի բացարձակ, անքննելի, անձեռնմխելի արժեք։ Այն պետությունը, որը չի հարգում ու չի արժևորում իր քաղաքացուն, չունի ապագա, ինչպիսի գաղափարներով էլ փորձեն այդ պետությունը շղարշել։
Էլ չասած այնպիսի մարդկանց մասին, որոնք ունեն հսկայական ավանդ՝ պետականաշինության ու բանակաշինության հարցում։ Այդ մարդկանց հանդեպ պետության չհոգածությունն արդեն ոչ միայն անհարգալից վերաբերմունք է պարզապես քաղաքացու, այլ հրաժարում է պատմությունից, ակունքներից, արմատներից ու նաև ապագայից, քանի որ պատմության մերժումը հանգեցնում է ապագայից հրաժարմանը։ Եթե պետությունը մերժում է իր ականավոր գործիչներին, դրանով մերժում է ինքն իրեն։
Սակայն վերը նկարագրածը վերաբերում է իրական ու ուժեղ պետությանը, որը ոչ մի աղերս չունի ներկայիս իշխանության հետ։ Այն, ինչ կատարվում է ներկայիս Հայաստանում, օրինաչափ է։ Եթե Փաշինյանը ազգի հերոսներ է հռչակում սովորական հարկ վճարողներին, որոնք ընդամենը կատարում են օրենքով նախատեսված իրենց պարտավորությունները, ապա ո՞վ է Նորատ Տեր-Գրիգորյանցը. ընդամենը թոշակառու, որն այլևս ֆինանսական օգուտ չի տալիս ՔՊ-ական իշխանությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Հայաստանի 3-րդ Հանրապետության հաղթանակներից, ձեռքբերումներից, ազատագրումներից, բանակից ու Անկախության հռչակագրից, ապա Նորատ Տեր-Գրիգորյանցն ու ոչ միայն նա, չեն տեղավորվում 4-րդ հանրապետության գաղափարազուրկ տրամաբանության շրջանակներում։ Եթե Նիկոլ Փաշինյանը փողոցներից, դպրոցներից ու նույնիսկ զորամասերից հանել է տալիս մեր հերոսների լուսանկարները, եթե նա «հետապնդում է» նույնիսկ նահատակներին, ապա ինչու պետք է մտահոգվի ողջ հերոսներով։ Ողջերը նույնիսկ հոգս են նրա համար, որովհետև ամեն անգամ նրանց հետ առերեսվելիս գուցե ակամայից բերանից թռցնի իր արդեն թևավոր դարձած հարցը. «Իսկ դու ինչո՞ւ ես ողջ», հետևաբար ՀՀ իշխանությունները «Դուք զրկված եք քաղաքացիությունից» պատասխանի փոխարեն Նորատ Տեր Գրիգորյանին կարող էին հարցնել. «Իսկ դու ինչո՞ւ ես ողջ»։
Կարեն Կարապետյան

Русский