Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նյու Յորքի քաղաքապետ քննարկում է Իսրայելի վարչապետին ձերբակալելու հնարավորությունը

Blog Image

Նյու Յորքի քաղաքապետ Զորան Մամդանին հայտարարել է, որ քննարկում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու հնարավորությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա նրա՝ այս աշնանը սպասվող այցի ժամանակ։

Նա նշել է, որ իր համար պարզ չէ, թե արդյոք ինքը լիազորություն ունի ոստիկանական բաժնին հրամայելու ձերբակալել օտարերկրյա առաջնորդի։ Քաղաքապետը շեշտել է, որ ինքը «չի հորինի» իր սեփական օրենքները այս նպատակով։ «Ես կարծում եմ, որ վարչապետ Նեթանյահուն պետք է լինի Հաագայում։ <...> Նա ռազմական հանցագործ է, որին մեղադրում է Միջազգային քրեական դատարանը, և դուք կտեսնեք շատ մարդկանց, ովքեր այդ կարծիքին են», - ասել է Մամդանին «The New York Times»-ի կողմից կազմակերպված փոդքասթի ժամանակ։

Մամդանին Իսրայելի կառավարության հայտնի քննադատ է և բազմիցս Գազայի պատերազմը անվանել է «ցեղասպանություն»։ Իսրայելը հերքում է այդ պնդումները։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն արձագանքել է Նյու Յորքի քաղաքապետին։

«Այն անձը, որը պետք է ձերբակալվի, մեր վարչապետը չէ։ Դուք եք, պարոն Մամդանի։ Վարչապետ Նեթանյահուն կժամանի Նյու Յորք։ Նա կկանգնի հենց այս ամբիոնի մոտ։ Նա կխոսի Իսրայել պետության անունից։ Նա կպաշտպանի Իսրայելի ժողովրդին, և դուք ոչինչ չեք կարող անել նրան կանգնեցնելու համար։ Ձեր սպառնալիքը իրավական հիմք չունի։ Մենք բոլորս գիտենք, որ Միացյալ Նահանգները Միջազգային քրեական դատարանի անդամ չէ։ Մուամմար Քադաֆին, Մահմուդ Ահմադինեժադը, Յասեր Արաֆաթը՝ նրանք բոլորը կանգնած էին այս ամբիոնի մոտ։ Նրանք բռնապետեր և ահաբեկչության հովանավորներ էին, Բենիամին Նեթանյահուն՝ ոչ։ Նա ընտրվել է ահաբեկչության դեմ պայքարող ժողովրդավարական երկրի վարչապետ»,- նշել է Դենի Դանոնը։

Ըստ դիվանագետի՝ Մամդանին չի աջակցում ահաբեկչության դեմ պայքարող ժողովրդավարական պետություններին։ «Սա նույն քաղաքապետն է, որը սգաց «Համասի» դիպուկահարին և նրան անվանեց անմեղ քաղաքացի լրագրող։ Նույն քաղաքապետը, որը շարունակում է հակասեմականություն հրահրել ամբողջ Նյու Յորքում։ Եվ հիմա նույն քաղաքապետը սպառնում է Իսրայելի վարչապետին ձերբակալությամբ, ինչի իրավունքը չունի։ Պարոն Մամդանի, դուք ընտրել եք ժողովրդավարությանը հակասող ուղի։ Դուք ընտրել եք համագործակցել ահաբեկչության հետ», - ընդգծել է Դենի Դանոնը։

Send