Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ի՞նչ պետք է անի հայ սահմանապահը, եթե նկատի սահմանը խախտող ադրբեջանցու

Blog Image

Մի պահ մի կողմ թողնենք այն դեպքերը, երբ ադրբեջանցիները ապօրինաբար անցել են սահմանն ու սպանել հայերին, բացառապես ազգային հողի վրա։ Բոլոր այդ դեպքերի համար Նիկոլ Փաշինյանն ունի արդարացում՝ չկար խաղաղություն, Ալիևի ներվերը հանգիստ չէին, մենք չէինք գտել մեր տեղն այս աշխարհում ու չէինք գիտակցում, որ Հայաստանի Հանրապետության տարածքն ընդամենը 29743 քառակուսի կիլոմետր է և հայրենիք էինք փնտրում դրա սահմաններից դուրս։

Իսկ այժմ մենք ունենք «խաղաղություն», մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորները Ադրբեջանն ու Թուրքիան են, Փաշինյանն ամեն անգամ Տիգրանաշենն անվանում է Քյարքի, որպեսզի թուլացնի նյարդը ու Ալիևի ներվերը լինեն հնարավորինս հանգիստ, տեղին-անտեղին հայտարարում է, որ օրինակ՝ Կիրանցը երբեք այսքան անվտանգ չի եղել, որքան հիմա։

Թեպետ Սյունիքում դեռևս սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել, այնուամենայնիվ ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Կիրանցի «անվտանգության երաշխավորը» պետք է լիներ, այլ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի, այն գազարագույն «մակետի», որը դոշին փակցրած շրջում է ողջ աշխարհում։

Սակայն ամենայն հավանականությամբ՝ Նիկոլ Փաշինյանն անվտանգություն ասելով հասկանում է միայն լայնամասշտաբ պատերազմի բացակայությունը, իսկ այն, որ զինված ադրբեջանցին հանգիստ անցնում է Հայաստանի սահմանը, մտնում բնակավայր, «ապրում» առաջին պատահած տանն ու կրակում տանտիրուհու վրա, ըստ երևույթին դուրս է ՀՀ վարչապետի՝ «անվտանգության» մասին պատկերացումներից։ Ու միայն երջանիկ պատահականությամբ է, որ զոհեր չունենք։ Իսկ գուցե Շաքի բնակավայրը սահմանագծված չէ ու դա՞ է պատճառը, որ չունի այն բացառիկ «անձեռնմխելիությունը», որն ունի Կիրանցը։

Իսկ կա՞ երաշխիք, որ վաղը մի այլ ադրբեջանցի չի հատի ՀՀ սահմանը մեկ այլ հատվածում, կա՞ երաշխիք, որ հաջորդ անգամ մենք կխուսափենք զոհերից։ Կա՞ երաշխիք, որ հերթական ադրբեջանցուն չի հաջողվի անարգել հասնել Երևան։ Ու ի՞նչը պետք է նրան խանգարի։ Եթե մարդը անցնում է սահմանն ու նրան կանգնեցնող չի լինում, ապա այլևս ինչ արգելքների պետք է հանդիպի, որպեսզի չկարողանա հասնել ՀՀ մայրաքաղաք, հատկապես եթե լինի լավ պատրաստված։ Իհարկե ոչինչ։

Սակայն այստեղ առաջանում է երկու հարց։ Առաջինը՝ ինչպե՞ս է այդ ադրբեջանցուն հաջողվել խախտել ՀՀ սահմանը ու ո՞ւր են ՀՀ սահմանապահ զորքերը, ո՞ւր են մեր դիրքերը ու ինչպե՞ս են դրանք պաշտպանված։ Երկրորդը՝ ի՞նչ պետք է անի հայաստանցի սահմանապահը, եթե նկատի սահմանը խախտող ադրբեջանցուն ու եթե վերջինս հրաժարվի ենթարկվել հայ սահմանապահի հրահանգներին։

Սա շատ կարևոր հարց է, նույնիսկ ավելի կարևոր, քան առաջինը, որովհետև որքան էլ ամուր պահվեն սահմանները, այնուամենայնիվ սահմանախախտման դեպքերը բացառելը հնարավոր չէ հասցնել 100 տոկոսի։

Ինքս ծառայել եմ ՌԴ սահմանապահ զորքերում՝ հայ-թուրքական սահմանին։ Ըստ կանոնադրության՝ երբ մենք նկատեինք որևէ սահմանախախտի, նախ՝ պարտավոր էինք հրահանգել, որպեսզի նա կանգնի։ Հրահանգին չենթարկվելու դեպքում պարտավոր էինք մի հատ նախազգուշական կրակոց արձակել, եթե դա էլ չկանգնեցներ նրան, ապա պարտավոր էինք վերջինիս գնդակահարել, արդեն անկախ նրանից կվիրավորվե՞ր սահմանախախտը, թե՞ կզոհվեր։ Ընդ որում, շեշտեմ՝ ոչ թե իրավունք ունեինք գնդակահարելու, այլ պարտավոր էինք։ Ծառայության դուրս գալուց առաջ հրամանն այդպես էլ մեզ տրվում էր. «Открыть огонь на поражение»։

Հիմա՝ հայ սահմանապահը կարո՞ղ է գնդակահարեկ սահմանախախտ ադրբեջանցուն, թե՞ դա հակասում է «խաղաղության» հասնելու սկզբունքներին։ Դա կդիտվի որպես ՀՀ սահմաններն անառիկ պահելու անհրաժեշտություն, թե՞ էսկալացիայի հրահրում։ Կրակող սահմանապահը կպարգևատրվի, թե՞ կդատի։

Տրամաբանությունն ու օրենքները հուշում են, որ պետք է գործեր առաջին մոտեցումը, հայ սահմանապահը նման դեպքերում պետք է գնդակահարեր սահմանախախտին ու ներկայացվեր պագևատրման, բայց հաշվի առնելով ՔՊ-ականների հայտարարությունները, որ եթե նույնիսկ Ադրբեջանը կրակի մեզ վրա, մենք չենք պատասխանելու, ապա մեծ է հավանականությունը, որ ադրբեջանցու՝ ՀՀ տարածք թափանցելու փորձը կասեցնող հայ սահմանապահը կկանգնի դատարանի առաջ, գուցե և հանձնվի Ադրբեջանին։

Կարեն Կարապետյան

Send