«Կորվալոլը» չպետք է դիտարկել որպես «թեթև հանգստացնող միջոց». այն հզոր դեղամիջոց է, և դրա չարաշահումը մահացու վտանգ է պարունակում։ Խորհուրդ տրվող դեղաչափի գերազանցումը կարող է հանգեցնել շնչառության և սրտի կանգի: Այս մասին RT-ին տված հարցազրույցում զգուշացրել է սրտաբան, ֆունկցիոնալ ախտորոշման մասնագետ Կրիստինա Վուլֆը։
Վուլֆը բացատրել է, որ «Կորվալոլը» պարունակում է ֆենոբարբիտալ՝ նյութ, որը ճնշում է շնչառական կենտրոնը և գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը։ Դեղաչափը գերազանցելու դեպքում մարդու վիճակը կարող է բավականին արագ վատթարանալ։
«Ֆենոբարբիտալով թունավորումը կարող է առաջացնել գիտակցության խիստ մթագնում, գրգռվածություն, գլխապտույտ, գլխացավ, շնչառության ընկճում, ռեֆլեքսների թուլացում և տախիկարդիա», - թվարկել է բժիշկը։
Ծանր թունավորման դեպքում պացիենտի մոտ կարող է զարգանալ թոքերի այտուց։ Առկա է նաև անոթային կոլապսի բարձր ռիսկ, որը բնութագրվում է արյան ճնշման կտրուկ անկմամբ՝ արյան շրջանառության անբավարարության հետևանքով։ «Վերջին հաշվով, սա կարող է հանգեցնել շնչառության և սրտի կանգի»,- զգուշացրել է բժիշկը։
«Կորվալոլով» ծանր թունավորումը պարունակում է կոմայի և մահվան վտանգ, ուստի անհանգստացնող ախտանիշների ի հայտ գալու դեպքում չափազանց կարևոր է անհապաղ դիմել բժշկական օգնության։ Բացի այդ, մասնագետը զգուշացրել է, որ դեղամիջոցի կանոնավոր օգտագործումը կապված է կախվածության առաջացման բարձր ռիսկի հետ։
«Ֆենոբարբիտալի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել «քաշման» համախտանիշի (աբստինենցիայի) և կախվածության», - եզրափակել է բժիշկը։

Русский