Մեծ Բրիտանիան իր հակառուսական պատժամիջոցների շրջանակներում սև ցուցակում է ներառել վրացական «Իմեդի» և «Փոստ ԹՎ» հեռուստաընկերությունները՝ մեղադրելով այդ լրատվամիջոցներին Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Հեռուստաընկերությունների նկատմամբ կիրառվել են հետևյալ պատժամիջոցները՝ ակտիվների սառեցում, տնօրենների որակազրկում և վստահության ծառայությունների նկատմամբ պատժամիջոցներ։
Միացյալ Թագավորության իշխանությունների տվյալներով՝ «կան հիմնավորված հիմքեր կասկածելու, որ «Իմեդի ԹՎ»-ն տարածում և տարածել է գիտակցաբար մոլորեցնող տեղեկատվություն Ուկրաինայում հակամարտության մասին՝ այդպիսով աջակցելով կամ խթանելով քաղաքականություն կամ գործողություններ, որոնք անկայունացնում են Ուկրաինան կամ խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը կամ անկախությանը»։
«Մասնավորապես, այն պարբերաբար տարածում է բովանդակություն, որտեղ պնդվում է, որ Ուկրաինայի կառավարությունը և նախագահ Զելենսկին ոչ լեգիտիմ են, որ Ուկրաինան արևմտյան «խամաճիկ» է, կոռումպացված երկիր, և որ Ուկրաինան և Արևմուտքը ձգտում են անկայունացնել Վրաստանը», - նշվում է պատժամիջոցների հիմնավորման մեջ։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները նմանատիպ հիմնավորումներ են բերում նաև «Փոստ ԹՎ»-ի համար։
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում ընդգրկված են Վրաստանի 13 քաղաքացի և երկու ընկերություն՝ «Իմեդի»-ն և «Փոստ ԹՎ»-ն: Պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց մեծ մասը Վրաստանի բարձրաստիճան նախկին և ներկա պաշտոնյաներ են, որոնք պատժամիջոցների են ենթարկվել Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ մարդու իրավունքների խախտումների համար:

Русский