Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ»

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, նոր Սահմանադրության նախագիծը հրապարակելուց հետո, իշխանությունները, կարծես թե, բախվել են մի իրավիճակի, որին այնքան էլ պատրաստ չէին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում լուրջ անհանգստություն է առաջացել ընդդիմադիր դաշտի արձագանքներից։

Բանն այն է, որ նախագծի հրապարակումից հետո գրեթե ողջ օրը ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի հետեւից քննադատում էին իշխանությունների առաջարկած Սահմանադրությունը։ Ընդ որում՝ այս անգամ քննադատության մեջ ներգրավված էին ոչ միայն խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը, այլեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Վերջիններս տարբեր դիտանկյուններից հարվածում էին նախագծին՝ կասկածի տակ դնելով իշխանությունների նախաձեռնության նպատակներն ու անհրաժեշտությունը։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունների համար անսպասելի է եղել հատկապես ընդդիմադիրների նման ակտիվ եւ համեմատաբար համախմբված արձագանքը։ Իշխանական ներկայացուցիչները ողջ օրվա ընթացքում փորձում էին հանրությանը համոզել, որ նոր Սահմանադրության ընդունումը անհրաժեշտ քայլ է, սակայն ընդդիմադիրների հակաքարոզչությունն ու քննադատությունն ավելի մեծ հնչեղություն ստացան։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները նախատեսում են մինչև գարուն նոր Սահմանադրության նախագիծը քննարկել տարբեր շրջանակների հետ, լսել առաջարկություններ տարբեր լսարաններում, ապա փորձել համոզել ընդդիմադիր ուժերին՝ կողմ քվեարկել նախագծին, որ հնարավոր լինի դնել հանրաքվեի։

Սակայն երեկվա զարգացումները ցույց են տվել, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու։ Իշխանությունները, ըստ մեր տեղեկությունների, այժմ որոշակի դադար են վերցնելու և իրավիճակը հանդարտեցնելու մարտավարություն որդեգրելով։ Նրանք փորձելու են ժամանակ շահել, ապա կրկին ակտիվացնել ճնշումները ընդդիմադիրների վրա։

Այսինքն՝ իշխանությունը մտադիր չէ նահանջել. ամեն գնով ամեն ինչ կանի Նիկոլ Փաշինյանը, որ իր հանձնառությունը կատարի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Send