Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի կողմից հրապարակված հայտարարությունը, արձագանքելով ՀՀ Վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած փաստաթղթին, մի շարք ձևակերպումներով ներկայացնում է վերջիններիս գործողությունները որպես Եկեղեցու ներքին կյանքին միջամտություն և անգամ՝ հերձվածի հնարավոր նախադրյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը։
«Հայտարարության ամենածանրակշիռ և միևնույն ժամանակ ամենախոցելի ձևակերպումը հետևյալն է․ «Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ ցավալի հետևանքներով»։
Այս նախադասությունը ենթադրում է, որ տվյալ գործողությունները ունեն հերձվածային բնույթ կամ առնվազն պարունակում են հերձվածի հստակ նախապայմաններ։
Սակայն այս ենթադրությունը չի հաստատվում ոչ մի դասական կանոնական չափանիշով։ Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանության մեջ հերձված (σχίσμα) հասկացությունը երբեք չի կիրառվել՝ «եկեղեցու ներսում բարեփոխման պահանջով» կամ «վարչական, կառավարչական, բարոյական խնդիրների բարձրաձայնողների նկատմամբ»:
Հերձվածը երեք անբաժան բաղադրիչ ունի`դավանաբանական խախտում, եկեղեցական հաղորդակցությունից ինքնակամ հրաժարում, այլ եկեղեցական կառույցի ստեղծում:
Դասական եկեղեցաբանության մեջ, ինչպես հստակ ձևակերպում է Բարսեղ Մեծը՝ հերձվածը սահմանվում է ոչ թե մտադրությամբ կամ քննադատությամբ, այլ՝ գործողությամբ. «Հերձվածը եկեղեցական հաղորդակցության բաժանումն է»:
Հետևաբար հարցը պարզ է․ արդյո՞ք տվյալ տասը եպիսկոպոսները խզել են եկեղեցական հաղորդակցությունը։ Պատասխանը՝ ոչ: Այսինքն՝ հերձվածի մասին խոսելը աստվածաբանական առումով ոչ թե սխալ է, այլ եզրույթի ոչ պատշաճ կիրառում:
Անդրադառնանք նաև Մայր Աթոռի հայտարարության մյուս կետերին ևս. «Պետությունը ոտնահարում է Եկեղեցու իրավունքները»: Սա շատ բարձագոչ է հնչում, բայց կա փոքրիկ մի խնդիր․ եկեղեցական կանոնը կոտնահարվի այն ժամանակ, երբ պետությունը պարտադրի հավատք կամ դավանանք։ Սակայն ինչպես տեսնում ենք պետությունը չի սահմանում դավանանք, չի կատարում ձեռնադրություններ, չի նշանակում եպիսկոպոսներ, չի փոխում ծիսական կարգը կամ ավանդությունը։ Այն, ինչ տեղի է ունենում, մեր Սուրբ Եկեղեցու նկատմամբ վստահության ճգնաժամի արձանագրումն է, և ոչ թե եկեղեցու դավանանքի փոփոխություն, այն հակաեկեղեցական չէ, այլ՝ եկեղեցասիրական ահազանգ։
Հայտարարության «բ» կետում նշվում է, որ «Եկեղեցու կյանքին վերաբերող հարցերը կարող են քննարկվել միայն համապատասխան եկեղեցական մարմիններում, և տարակուսելի է, որ տվյալ եպիսկոպոսները չեն արձագանքել Մայր Աթոռի հրավերներին»։ Այս մոտեցումը, սակայն, կիսատ է կանոնական առումով։ Հայ եկեղեցու կանոնական ավանդությունը, ձևակերպված Հովհաննես Օձնեցու կողմից, հստակ արձանագրում է. «Եկեղեցու ներսում եղած վեճերը, եթե չեն խախտում հավատքի դավանությունը և չեն բաժանում Սուրբ Սեղանից, չեն կարող կոչվել հերձված» (Կանոնագիրք Հայոց): Այսինքն՝ եկեղեցու ներսում տարաձայնության առկայությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև կանոնականորեն կանխատեսված։ Ավելին՝ կանոնական ավանդույթը չի պահանջում, որ յուրաքանչյուր հարց բարձրացվի միայն այնպիսի միջավայրում, որտեղ քննադատությունը նախապես որակվում է որպես անհնազանդություն։ Օրինակ՝ Կաթոլիկ եկեղեցու Տրուլլյան ժողովի 31-րդ կանոնը հաստատում է եպիսկոպոսի պատասխանատվությունը Եկեղեցու բարօրության հանդեպ, նույնիսկ այն դեպքում, երբ դա առաջացնում է լարվածություն։ Այս տրամաբանության ներքո լռությունն ընդդեմ անարդարության և եկեղեցական կարգի խաթարման երբեք չի եղել եպիսկոպոսական առաքինություն, իսկ քննադատությունը՝ հերձվածողական գործողություն։
Եկեղեցու պատմությունը ավանդել է բազում սրբերի վարքեր, որտեղ հստակ տեսնում ենք, որ նրանք չեն լռել միայն այն պատճառով, որ կանչվել են լռելու։
Հայտարարության «գ» կետում նշում են, որ «Բարենորոգումը վերապահված է Նվիրապետությանը»: Այս ձևակերպումը ինքնին ճշմարիտ է, սակայն կտրուկ անավարտ: Այո՛, բարենորոգումը կատարվում է Նվիրապետության միջոցով, բայց Նվիրապետությունը Եկեղեցու ներսում երբեք չի կարող ընկալվել որպես ինքնաբավ և ինքնամեկուսացված կառույց։ Եթե Նվիրապետությունը չի լսում Եկեղեցու մարմնի ցավը, ապա հովվական պաշտոնից վերածվում է բռնատիրական վարչական կառույցի: Այո՛, Եկեղեցին ունի Նվիրապետություն, բայց Քրիստոս է գլուխը Եկեղեցու:
Հայ հոգևոր մտածողության մեջ, որի բարձրագույն արտահայտություններից մեկն է Գրիգոր Նարեկացին, ինքնաքննությունը և բարոյական ցավի խոստովանությունը ընկալվում են որպես փրկության տանող ճանապարհ. «Քննեա՛ զիս, Տէ՛ր, և փորձեա՛ զսիրտ իմ»: Եթե Եկեղեցու ներսում քննությունը դադարում է ընդունելի լինելուց, և պիտակավորվում որպես հերձված, ապա խնդիր բոլորովին այլ հիվանդագին հարթության մեջ է:
Որպես վերջաբան, պետք է նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ «հերձված» եզրույթի գործածությունը տվյալ համատեքստում չունի դավանական հիմք, չունի կանոնական հիմնավորում և չի համապատասխանում Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետական մտածողությանը։
Աստվածաբանական տեսանկյունից առավել մտահոգիչ է ոչ թե եպիսկոպոսների բարձրաձայնած խնդիրները, այլ այն, որ սպառնալիքի լեզուն փոխարինում է ինքնաքննության լեզվին։
Եթե այսօր տասը եպիսկոպոսների գործողույունների մեջ «հերձվածի վտանգ» կա, ապա վաղը ամեն մտածող քահանա, մյուս օրը՝ ամեն գիտակից հավատացյալ, իսկ վերջում՝ ճշմարտությունը հենց ինքը կորակվեն որպես հերձվածներ։
Եկեղեցու պատմությունը ցույց է տալիս մեկ պարզ բան․ եկեղեցին մաքրվում է ոչ թե լռեցմամբ, այլ՝ ճշմարտության բարձրաձայնմամբ։ Եվ եթե պետք է ընտրել հարմարավետ լռության կամ ցավոտ բարեփոխման միջև, ապա քրիստոնեական ընտրությունը միշտ երկրորդն է»,- նշված է հայտարարության մեջ։
Եկեղեցու դարավոր ընթացքի մեջ կա մեկ պարզ ճշմարտություն ևս․
եկեղեցին երբեք չի վնասվում հարցադրումներից, բայց բազմիցս վնասվել է, երբ հարցերը որակվել են որպես վտանգ։
Եկեղեցում բարեփոխումները միշտ ծնվել են ներսից՝ ցավի, մտահոգության և անարդարությանն ընդդիմանալու միջոցով։ Սրբազան հայրերը երբեք չեն նույնացրել հարցադրումը անհնազանդության հետ, իսկ քննադատությունը՝ դավաճանության։ Եկեղեցու առողջությունը պահպանվում է ոչ թե լռությամն, այլ ճշմարտության հանդեպ խոնարհությամբ։
Եթե Եկեղեցին չի կարող լսել իր իսկ եպիսկոպոսների ձայնը՝ առանց նրանց պիտակավորելու, ապա խնդիրը հերձվածը չէ, այլ վստահության խորը ճգնաժամը։ Եվ հենց սա է այն հարցը, որից խուսափելը կարող է իրական վտանգ դառնալ Եկեղեցու ապագայի համար։
Խոնարհաբար, բայց վճռականորեն կոչ ենք անում՝ չշփոթել Եկեղեցու միասնությունը լռության հետ, չշփոթել հնազանդությունը խղճից հրաժարման հետ, և ամենակարևորը՝ չշահարկել «հերձված» եզրն այնտեղ, որտեղ կա ցավ, բայց ոչ խզում։
Եկեղեցին ապրում է ճշմարտությամբ։ Եվ ճշմարտությունը երբեք հերձված չէ։

Русский