Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Անկախության հռչակագրի ոչնչացումն ու անկախության կապակցությամբ պարգևավճարները

Blog Image

Անկախության 35-ամյակի առիթով Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեռ սեպտեմբերի 18-ին էր կարգադրություն ստորագրել՝ Անկախության տոնի առթիվ պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին պարգևավճարներ տրամադրելու մասին։

MediaHub-ը ընդդիմադիր պատգամավորներից ճշտեց, որ պարգևատրման չափը հավասար է գրեթե մեկ ամսվա աշխատավարձի՝ հասնելով 590 հազար դրամի։ Փաստորեն, միայն ԱԺ պատգամավորներին խրախուսելու համար պետական բյուջեից ծախսվել է գրեթե 62 մլն դրամ։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ խմբակցության պատգամավորները Անկախության օրվա կապակցությամբ ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով ուղղելու են Տիգրանաշենի բնակիչների կարիքների լուծմանը, ինչի մասին մանրամասն ու հրապարակային հաշվետվություն կներկայացնեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին կառավարությունը հաստատել էր նախագիծ, ըստ որի՝ այս տարվա առաջին կիսամյակի աշխատանքի համար պետական պաշտոնյաները երեք անգամ պարգևավճար կստանան։ Գումարները նրանց հաշիվներին կփոխանցվեն հուլիսին, սեպտեմբերին և նոյեմբերին։ Այդ նպատակով պետական բյուջեից նախատեսված է հատկացնել 5 միլիարդ դրամ։

Իսկ հիմա գանք օրվա խորհրդին և այս իշխանությունների՝ այդ խորհրդի հետ ունեցած կամ, ավելի ճիշտ, չունեցած առնչությանը։

36 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որում ամրագրված էր, որ ԽՍՀՄ-ը կազմալուծվում է, և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ Հենց Անկախության հռչակագրի հիման վրա էլ հաջորդ տարի՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը հանրաքվեով ընտրեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու ճանապարհը։

Եվ հիմա Հայաստանի գլխին պատուհաս դարձած իշխանությունները սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումներ նախաձեռնելու անվան տակ ուզում են գիծ քաշել Անկախության հռչակագրի վրա՝ Սահմանադրությունից վերացնելով հռչակագրին արված հղումը և այդպիսով նաև Անկախության հռչակագրի պատմական նշանակությունը զրոյացնելով։

Մեկ հանրաքվե էլ իրենք են ուզում կազմակերպել՝ 35 տարի առաջվա ձեռքբերումը անվանարկելով և Հայաստանի անկախության տարիների պատմությունը խեղաթյուրելով, թե իրականում ոչ մի անկախություն չի եղել, և այդ մասին բոլոր պնդումները կեղծ են ու մանիպուլյացիա։

Բայց զարմանալին այն է, որ իշխանությունները չեն էլ թաքցնում այդ 35 տարիների հանդեպ իրենց ատելությունը և «նոր Հայաստանի Հանրապետություն» կառուցելու անվան տակ նսեմացնում են այդ տարիները։

Անկախության ձեռքբերման ու պահպանման գործում որևէ ավանդ չունեցած, ավելին՝ այդ գործին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը մոռացնելու քաղաքականություն իրականացնող ուժը, սակայն, դեմ չէ անկախության 35-ամյա ավանդը որևէ ձևով կապել իր հետ ու այդ առնչությամբ աջուձախ խրախուսական պարգևավճարներ բաժանել՝ Աստված գիտի, թե ինչի համար, անկախության շքեղ միջոցառումներով սեփական փիառն անել ու անգամ այլ երկրների ղեկավարներից ու բարձրաստիճան պաշտոնյաներից շնորհավորանքներ ընդունել։

Եվ փաստորեն անհասկանալի է մնում՝ Փաշինյանի թիմն ընդունո՞ւմ է Հայաստանի ներկայիս Հանրապետությունը, որի հիմքը դրվել է Անկախության հռչակագրով, թե՞ դոնկիխոտյան խանդավառությամբ պայքարում է դրա դեմ։

Իսկապես, մարդ գլուխ չի հանում նրանցից։ Թերևս հենց իրենք էլ խճճվել են սեփական՝ անիրատեսական ու, ամենայն հավանականությամբ, դրսից իրենց պարանոցին փաթաթված գաղափարների ու իրականության լաբիրինթոսում և իրենք էլ իրենցից գլուխ չեն հանում։

Թագուհի Ասլանյան

Send