Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Իշխանության «ռազվեդչիկները» հերթապահություն են իրականացնում, Ընտրական մրցակցության նոր նշաձող, հետախուզվողները կգան. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է․

Մեզ հասած լուրերով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների դիմաց 24/7 ռեժիմով ինչ-որ մեքենաներ են կանգնած, եւ ինչ-որ մարդիկ իշխանության «ռազվեդչիկները», շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, նկարահանումներ անում, արձանագրում, թե ով մտավ ընդդիմադիր ուժի գրասենյակ, ով դուրս եկավ:

Հետո փորձում են ճշտել այդ մարդկանց ինքնությունը, բնակության հասցեն, ապա «բացատրական» զրույցներ, ճնշումներ սկսում նրանց կամ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Նախ փորձում են պարզել, թե ինչու էին գնացել, ինչ կապ ունեն Կարապետյանների հետ, ինչ են ուզել կամ ստացել:

Մեզ պատմեցին, որ մարզերից մեկում մեկ անգամ ընդամենը 15 րոպեով գրասենյակ մտած երիտասարդի հորը հաջորդ օրն իսկ իր հիմնարկի ղեկավարն ասել է` եթե ձեր ընտանիքը կապ ունի «Ուժեղ Հայաստանի» հետ, չես կարող ինձ մոտ աշխատել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, ըստ շրջանառվող տեղեկությունների, քաղաքական համաձայնություն է տվել, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում վերջին տարիներին գտնվող և հեռավար քաղաքական ակտիվություն ցուցաբերող մի շարք գործիչներ հնարավորություն ստանան վերադառնալ Հայաստան և մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին՝ ինքնադրսևորվելով ներքաղաքական դաշտում։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետախուզման մեջ գտնվող Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո), Միհրան Պողոսյանին (հանրային դաշտում առավել հայտնի որպես «Քեթրինի Միհրան»), ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում պաշտոնազրկված պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և այլ գործիչների։

Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան և քաղաքական մրցակցային դաշտում մասնակցել հունիսի 7-ին նախատեսված ընտրություններին՝ մրցելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Ակնկալվում է, որ առաջիկայում նրանք կփորձեն շռնդալից մուտք գործել քաղաքական դաշտ՝ ակտիվ քարոզչական և հանրային գործունեությամբ։

Քաղաքական դիտարկումների համաձայն՝ հարցի շուրջ որոշումը համարվում է կայացված, և այն դիտարկվում է նաև այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է այց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ, ըստ որոշ գնահատականների, քննարկումների օրակարգում կարող են լինել նաև ներքաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր։

Թեմայի շուրջ պաշտոնական պարզաբանումներ առայժմ չեն հնչել, սակայն ակնկալվում է, որ առաջիկայում քաղաքական դաշտում ձևավորվելիք զարգացումները կհստակեցնեն գործընթացի շրջանակներն ու հնարավոր ազդեցությունը ընտրական մրցակցության վրա (Կ)»։

Send