Յուրաքանչյուր ուղղության հիմնադիր ունենում է իր հետևորդներն ու աշակերտները, որոնք ժամանակի ընթացքում ավելի են «զարգացնում» այդ ուղղությունն այնքան, որ որոշակի տարբերություն է առաջանում հիմնադրի ու իր հետևորդների միջև։ Օրինակ՝ Հերակլիտեսը պնդում էր, որ «նույն գետը երկու անգամ չեն մտնում», հետագայում նրա հետևորդները այդ գաղափարը հասցրին այնտեղ, որ շեշտում էին, թե «նույն գետը նույնիսկ մեկ անգամ մտնել հնարավոր չէ»։ Այդպիսով նրանք միաժամանակ թե՛ մնում էին Հերակլիտեսի հետևորդները, թե՛ որոշ չափով հերքում նրան։ Նույնն է նաև Նիկոլ Փաշինյանի ու նիկոլականների պարագայում։
Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարում է երկրից որևէ հատված հանձնելու մասին, իր հետևորդները որղջունելով իրենց առաջնորդին, այնուամենայնիվ հայտարարում են, որ դա «լկտի սուտ է», Նիկոլը ոչինչ չի հանձնում։ Այդպես եղավ Արցախի դեպքում, հետո Կիրանցի ու մեր մյուս տարածքների, հիմա Տիգրանաշենի։
Թեպետ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման, խաղաղության ու տարածքային ամբողջականության ճանաչման հիմքում Ալմա Աթիի հռչակագիրն է, ու իբր համաձայն այդ հռչակագրի՝ պետությունները ճանաչում են միմյանց այն սահմանները, որոնք ունեցել են ԽՍՀՄ ժամանակահատվածում։ Ու ըստ դրա՝ Քյարքին պատկանում է Ադրբեջանին։ Այն որ հղումը Ալմա Աթիի հռչակագրին Ալիևի պահանջն է ու այն, որ այդ հռչակագիրը որևէ իրավական ուժ չունի, խոսել ենք բազմիցս, բայց փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը առանց որևէ այլևայլության ու առանց այս կողմ, այն կողմ ընկնելու հայտարարում է, որ Տիգրանաշենը Ադրբեջանինն է ու պետք է վերադարձվի նրանց։ Սրանից ավելի պարզ կարծես հնարավոր չէ ասելը։ Սրանից պարզ նույնիսկ Էշին չեն ասում, որովհետև ավելի պարզ ասելու էլ տեղ չկա։
Բայց իր հետևորդները, մի մասը ֆեյք պրոֆիլներով, մի մասը՝ իրական, սոցիալական տարբեր հարթակներում հայտարարում են, որ դա սուտ է, Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը չի հանձնում։ Ընդ որում, դա հայտարարում են այնպիսի համոզվածությամբ, ինչպես օրինակ ժամանակին նույն համոզվածությամբ պնդում էր Վեդու ՔՊ-ական երբեմնի համայնքապետ, այժմ պատգամավոր Գարիկ Սարգսյանը, որ երբեք Տիգրանաշենը չի հանձնվելու։ Ի դեպ, նույն պատգամավորը նախկինում նույն համոզվածությամբ պնդում էր, որ Հայաստանում զարգանալու է կոկորդիլոսաբուծությունը։ Նիկոլ Փաշինյանի Հետևորդները այն նույն համոզվածությամբ են հերքում հենց նույն Նիկոլ Փաշինյանին, ինչպիսի համոզվածությամբ մեկ այլ ՔՊ-ական՝ Վահան Կոստանյանը, իբր ծաղրում էր Արցախի հանձնման վերաբերյալ կանխատեսումները, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունի հետ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մոտ նկարվեց՝ գրելով. «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»։ Այդպիսի համոզվածությամբ Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանն ու այլ ՔՊ-ականներ Աղդամում նռները ձեռքներին նկարվում էին, գրելով. «Աղդամը մեր հայրենիքն է»։ Հիշեցնենք, որ հետագայում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ինքը սխալվել է, երբ ասել է, որ Աղդամն իր հայրենիքն է։
Եվ այսպես, հարց է առաջանում, ինչո՞ւ են ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի հետևորդները անդրդվելի համոզվածությամբ հերքում Նիկոլ Փաշինյանին, հետո ողջունում նրան։
Կա հավանական երեք տարբերակ։
Առաջին տարբերակը նմանվում է մի հին անեկդոտի։ Երկու հոգի ֆիլմ են նայում, որում մեկը սար է բարձրանում։ Առաջինն ասում է․«Արի գրազ գանք, բարձրանալու է սարի գագաթն ու ընկնի»։ Երկրորդն ասում է․«Արի գրազ գանք, չի ընկնի»։ Գրազ են գալիս, ֆիլմի հերոսը բարձրանում է սարի գագաթն ու գլորվում ներքև։ Գրազը հաղթողն ասում է․«Մեղքս ինչ թաքթցնեմ, ես մի անգամ տեսել էի էս կինոն ու գիտեի որ վերջում ընկնելու է»։ Մյուսը պատասխանում է․«Ես էլ երկու անգամ էի տեսել, բայց մտածում էի երկու անգամ ընկել է, էս անգամ կարող է չընկնի»։
Նույնն էլ Նիկոլ Փաշինյանի հետևորդների մոտ է։ Մտածում են, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը հանձնել է մեր հայրենիքի հատվածները, այս անգամ մեկ էլ տեսար չհանձնեց։
Երկրորդ տարբերակը ինտելեկտուալ խզումն է առաջնորդի ու շարքերի միջև։ Որքան էլ շատերը Նիկոլ Փաշինյանի ինտելեկտի, գրագիտության ու կրթության մասին բարձր կարծիք չունենան, այնուամենայնիվ նա ավելի բարձր է կանգնած, քան իր հետևորդները ու նրանք չեն կարողանում հասկանալ ակնհայտը։
Երրորդ տարբերակը՝ այդ ամենն արվում է միտումնավոր։ Իշխանության քաղաքականությունն է, շեղել հանրության ուշադրությունը գործընթացներից, ստեղծել խառնաշփոթ ու չհասկացվածության մթնոլորտ, ինչը կթուլացնի հակազդեցության ձևավորումն ու թույլ չի տա համախմբվածություն։ Մինչև հանձնելը հանրության լայն շերտերը այդպես էլ կմնան ոչ լիարժեք տեղեկացվածության պայմաններում՝ Նիկոլ Փաշինյանը հանձնո՞ւմ է հայրենիքի հերթական հատվածը, թե՝ ոչ։
Կարեն Կարապետյան

Русский