Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ողբերգական դեպքեր. Հայաստանն այլևս անվտանգ չէ՞

Blog Image

Ժամանակին Հայաստանը համարվում էր աշխարհի անվտանգ և ապահով պետություններից մեկը, որտեղ մարդիկ կարող էին հանգիստ, անգամ կեսգիշերից հետո զբոսնել քաղաքում ու վստահ լինել, որ իրենց հետ ոչինչ չի պատահի՝ չեն թալանի, հարձակում չեն գործի, չեն վնասի, չեն սպանի։

Վերջին տարիներին մեր պետության այդ վարկանիշը զգալի անկում է ապրել՝ պայմանավորված օրը ցերեկով «ինքնաբուխ» կրակոցներով ու հաշվեհարդարներով, սպանություններով, դժբախտ դեպքերով ու պատահարներով, որոնց հետևանքով, ցավոք, հազարավոր մարդիկ են սպանվում ու զոհվում։
 
Օրվա իշխանություններն ամեն ինչ նախկինի հետ համեմատությամբ են սիրում հրամցնել, և անվտանգության տեսանկյունից Հայաստանի այսօրվա վիճակը համեմատում են 1990-ական թվականների հետ, երբ երկիրը գտնվում էր շրջափակման մեջ, Հայաստանի բնակչությունը սովում էր ու մի կերպ պահպանում գոյությունը, իսկ պետական ինստիտուտները նոր-նոր էին ձևավորվում ու կայանում։ Այսօրվա Հայաստանում, երբ ամեն պատեհ կամ անպատեհ առիթով իշխանությունները հայտարարում են, թե երբևէ հայաստանցին այսքան ապահով ու բարեկեցիկ չի եղել, թե կառավարության ղեկին արհեստավարժ, գիտակ ու փորձառու մասնագետներ են, նման համեմատություն անելը տեղին չէ։
 
Մյուս կողմից՝ ամեն հաջորդ իշխանություն գալիս է նախորդի սխալները շտկելու խոստումներով, և երբ դա չի հաջողվում, նշանակում է՝ այդքան պրոֆեսիոնալիզմ, ունակություն ու կամք չկա, իսկ արդարացումները լոկ դրա վկայությունն են։ Եվ այդ առումով պետք է արձանագրենք, որ երկրում բնակչության անվտանգության ապահովման լուրջ խնդիր ունենք, որն ուղղակի կապ ունի նաև մարդկանց բարոյահոգեբանական նկարագրի հետ, որի պատասխանատուն ևս մարդկանց միջև ատելություն սերմանող, պառակտող, բռնության օրինակ ծառայող իշխանություններն են։
 
Ինչո՞ւ են մեզանում շատացել սպանությունները, հաշվեհարդարները, ամենաթողությունը․ օրը ցերեկով Երևանի փողոցներում կարող են տղամարդիկ միմյանց վրա կրակել, վիրավորել ու սպանել, դիտավորությամբ մեքենայի տակ գցել, ինչի վերջին դրսևորումը Վարդավառի օրը Վաղարշյան փողոցում տեղի ունեցած միջադեպն էր։ Կարող են նաև մարդու վրա հարձակվել հենց իր տանը ու գազանաբար սպանել, որի ցայտուն օրինակը թերևս Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունն է։ Անգամ մեքենան կայանելը կարող է դառնալ սպանության պատճառ. հուլիսի 4-ին դանակահարվեցին Ջրաշենի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։ Վիճաբանությունը ծագել էր ճանապարհին կայանված մեքենայի պատճառով, երբ կասկածյալը չէր կարողացել անցնել, և խնդրանքը չէր բավարարվել, ինչը վերածվել է ծեծկռտուքի՝ ընտանիքի անդամների միջամտությամբ։
 
Օրինակները քիչ չեն։ Չենք ուզում դիմել վիճակագրական ցուցանիշներին, քանի որ նման դեպքերը պետք է ոչ թե թվերով չափվեն, այլ հասարակության մեջ տիրող բարոյահոգեբանական վիճակով, իսկ գրեթե ամենօրյա պատահարները փաստում են այդ վիճակի խորը անկման մասին։ Մարդ սպանելը, վիրավորելը, ագրեսիայի դրսևորումը օրինաչափ են դարձել։
 
Գուցե պատճառներից մեկը նաև երկրի թիվ առաջին պաշտոնյայի խոսույթն ու վարքն է, որի մատի մեկ ճտոցով ուժային կառույցների ներկայացուցիչները կարող են հարձակվել նրա քիմքին ոչ հաճելի հասարակական, քաղաքական գործիչների, ցուցարարների, զոհվածների ծնողների վրա, տապալել գետնին, ուժ գործադրել, նրանց գետնով քարշ տալ, հարվածել․ մեկի, ով կարող է անպատիժ աջ ու ձախ սպառնալիքներ ուղղել, թե կկզացնի, կչոքացնի բոլոր նրանց, ովքեր կհակադրվեն իրեն։
 
Խնդիր կա նաև մարդկանց անվտանգ կյանքն ապահովելու հետ կապված։ Վանաձորում՝ Փամբակ գետում խեղդված երկու քույրերի պատմությունը դաժան դաս եղավ տեղի իշխանությունների համար, որոնք միայն անչափահաս երեխաների մահից հետո հեռացրեցին գետը հատող մահաբեր խողովակը։ Այնինչ տեղի բնակիչները վաղուց էին ահազանգում դրա վտանգավորության մասին, մանավանդ որ ժամանակին էլի էին մարդկանցից այդ խողովակից վարարած գետն ընկել ու խեղդվել։

Երեկ էներգետիկ ըմպելիքի չարաշահումից մահացած անչափահաս աղջնակի մահն էլ նորից անհետևողականության հետևանք կարելի է որակել, քանի որ անչափահասներին ինչպես ալկոհոլային, այնպես էլ էներգետիկ խմիչքների վաճառքը խստիվ արգելվում է, իսկ աղջնակն, ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների, անգամ չարաշահել է դրանք։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը վաճառել է դրանք աղջկան կամ հյուրասիրել՝ չգիտակցելով դրա հետևանքները։ Եվ այս դեպքում նորից հարց է առաջանում, թե ինչու պատշաճ կերպով չի իրականացվում համապատասխան քարոզչություն հատկապես երեխաների համար դրանց խիստ վտանգավորության մասին։ Թե՞ միայն համապատասխան դրամաշնորհներ ստանալու դեպքում է կառավարությունը «խիստ մտահոգություն ցուցաբերում» մարդկանց անառողջ ապրելակերպի նկատմամբ և հակածխախոտային, աղի չարաշահումն արգելող ծրագրեր իրականացնում։ Թեև դրանք ևս թերի են կիրառվում և առանձնապես խնդիրը չեն լուծում։
 
Հայաստանի ճանապարհներին ավտովթարներից ու վրաերթերից նույնպես անթույլատրելի քանակությամբ մարդիկ են զոհվում, նրանց մեջ՝ նաև երեխաներ, անգամ մանկահասակ երեխաներ, և այդպիսի դեպք օրերս էր եղել, երբ հինգ ամսական երեխա էր մահացել։ Մատղաշ մի կյանք, նոր լույս աշխարհ եկած մանուկ, որը պետք է մեծանար ու դառնար մեր հասարակության լիարժեք անդամ։ Եվ այդպիսի քանի՞ երեխայի կյանք ընդհատվեց միայն վերջին երկու-երեք ամիսների ընթացքում՝ գետում խեղդվելուց, ավտովթարներից, պատուհանից ցած ընկնելուց, հեծանիվի կառավարումը կորցնելուց։
 
Իհարկե, բոլոր դժբախտությունների պատճառը չէ, որ կառավարության, համապատասխան գերատեսչությունների թերի աշխատանքն է կամ անգործությունը։ Բայց ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում կառավարությունը, կարծում ենք, կարող է ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի վարորդներն ավելի մեծ պատասխանատվությամբ վարեն մեքենան, ալկոհոլ օգտագործելուց հետո ղեկին չնստեն, չգերազանցեն արագությունը, ղեկին նստած սմարթֆոններով չշեղվեն։ Համապատասխան օրենքները կան, սակայն դրանք նորից կիսատ-պռատ են կիրառվում։ Գուցե ռեսուրսների պակաս ունենք համապատասխան վերահսկողություն ապահովելու համար, թեև դա էլ կասկածելի է, քանի որ այս իշխանությունների օրոք ոստիկանական համակարգում աննախադեպ թվով կադրեր են ավելացվել։ Գուցե պատճառն անարդյունավետ կառավարո՞ւմն է, քանի որ միայն մարդկային քանակը բավարար չէ խնդրին լուծում տալու համար․ անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ է հարկավոր, գիտակ մարդկանց ներգրավվածություն։
 
Ի դեպ, կարգազանց վարորդների հանդեպ վերաբերմունքը խստացնելու փոխարեն կառավարությունը վերջերս նոր օրենք ընդունեց, որը յուրօրինակ համաներում է նախատեսում խմած ղեկին նստելու համար վարորդական իրավունքից զրկվածների համար։ Այդ օրենքով նրանք կկարողանան խուսափել վարորդական իրավունքի քննություն հանձնելու պարտավորությունից՝ պետությանը որոշակի գումար վճարելու դիմաց։ Փորձագետների դիտարկմամբ՝ այդ մոտեցումը վարորդներին ավելի անկառավարելի կդարձնի, և հաջորդ անգամ նրանք նորից խմած կնստեն ղեկին, ինչը կարող է աղետալի պատահարի պատճառ դառնալ։
 
Հատկապես երեխաների մահը մեզանում ցավալի հանգամանք է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ առանց այդ էլ երկրում ծնելիության նվազման լուրջ միտում կա։ Օրերս այդ մասին է ահազանգել անգամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով ծնելիության վիճակագրական ցուցանիշները․ եթե 2023 թվականին 36 հազար 590 երեխա է լույս աշխարհ եկել, ապա հաջորդ տարիներին այդ թվերը շարունակաբար նվազել են։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի դիմաց։ Նախարարի խոսքով՝ նվազում է նաև պտղաբերության գործակիցը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։
 
Իսկ սա նշանակում է, որ ապագայում Հայաստանի բնակչությունն աստիճանաբար նվազելու է՝ ոչ միայն սոցիալական ու տնտեսական խնդիրներ առաջացնելով երկրում, այլ նաև անվտանգային, քանի որ երկրի պաշտպանության համար շատ կարևոր է մարդկային ռեսուրսը։ Նվազելու է նաև աշխատուժը, որի շնորհիվ ձևավորվում է պետական բյուջեն։ Փոխարենն ավելանալու է ծերացած բնակչության թիվը, որին այդ նույն բյուջեից պետությունը պարտավոր է թոշակներ, իսկ հիմա նաև բժշկական ապահովագրության գումար վճարել։ Աշխատող և թոշակառու քաղաքացիների անհավասար կամ անգամ հավասար բաշխվածության դեպքում դա գրեթե անհնարին է դառնալու, քանի որ մեկ թոշակառուի թոշակը բյուջեում գոյանում է գոնե երեք աշխատողի վճարած հարկերի հաշվին։

Սրանք խնդիրներ են, որոնք խորքային վերլուծություն ու լուծում են պահանջում։ Եվ հենց այսպիսի մարտահրավերներով պետք է զբաղվի պետությունը, ոչ թե մարդկանց կզացնելով ու չոքացնելով։

Թագուհի Ասլանյան

Send