2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին շտապ բուժօգնություն է անհրաժեշտ։
Արդեն 6 ամիս ԱԱԾ բանտախցում գտնվող Սրբազանի առողջական խնդիրների մասին շատերը նոր են իմանանում ու անակնկալի եկան, երբ պարզվեց, որ նա վիրահատության կարիք ունի։
Օրենքով սահմանված կարգով փաստաբան Արա Զոհրաբյանը դիմել է քրեակատորաղական բժշկության կենտրոնին, որպեսզի կազմակերպվեն Սրբազանի բուժումն ու վիրահատությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. նա իր գումարով բժշկական օգնություն ստանա իր նախընտրած ու վստահելի մասնագետներից։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 8-ին հայտարարեց. «Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, հատկապես արձանագրված։ Ես հանձնարարել եմ, որ եթե իր փաստաբանները տեղյակ չեն՝ ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանն այսօր կմոտենա իրեն և համապատասխան դիմումը ներկայացնի անհրաժեշտ ՊՈԱԿ-ին»։
Փաստաբանական խմբին հասցեագրված պատասխանի մեջ գրվել է՝ հետազոտություններ են անց կացվել, առաջարկվում է քրեակատարողական բժշկության կենտրոնում անվճար բուժում ու վիրահատություն կազմակերպել։
Փաստաբան Մարինե Ֆարմանյանին չեն զարմացնում այն բյուրոկրատական քաշքշուկները, որոնք վաղուց օրինաչափություն են։ Ի վերջո, մի բան անհերքելի է՝ մարդն իրավունք ունի բուժվել իր նախընտրած բուժհաստատությունում, իր նախընտրած մասնագետի մոտ։
«Որքան էլ «Իզմիրլյան» կենտրոնը փոխկապակցված է Մայր Աթոռի հետ, Միքայել Սրբազանը, բացի բուժում ստանալուց, ուրիշ ի՞նչ պիտի անի այնտեղ, որ կասկած է հարուցում։ Երկա՞ր պիտի պահեն նրան այնտեղ. գնացեք ստուգեք։ Բայց նա իրավունք ունի բուժում ստանալ իր նախըտնրած մասնագետի մոտ։ Եթե դուք չեք վստահում մեզ, մենք էլ իրավունք ունենք ձեզ չվստահելու։ Գուցե քրեակատորաղական բժշկության կենտրոնում Սրբազանին լավ չբուժե՞ն։ Խոսքը մարդու հիմնարար իրավունքի՝ բուժօգնություն ստանալու մասին է»,- շեշտում է Մարինե Ֆարմանյանը։
Միքայել Սրբազանը դեկտեմբերի 16-ին կալանավայրից կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Русский