Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պատկերացնո՞ւմ եք՝ Սահմանադրական դատարանը չեղարկի ընտրությունների արդյունքները

Blog Image

Մի քանի օրից՝ հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանը կքննի խորհրդարանական ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժերի դիմումները՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։

Այդ մասին ՍԴ-ն որոշում էր կայացրել դեռ հունիսի 21-ի՝ կիրակի գիշերը հրավիրված աշխատակարգային նիստում՝ քննության ընդունելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումները։

Հաշվի առնելով, որ քաղաքական բոլոր ուժերի պահանջը նույն հարցին է վերաբերում, գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում՝ 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով։ Ավելի ուշ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ: Բանն այն է, որ Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ էր:

«Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի թեկնածու Էդգար Ղազարյանը լիարժեք չի համարում գործի քննությանը մասնակցելու հնարավորությունից զրկված դատավորների ցանկը։ Նրա համոզմամբ՝ նաև Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին պետք է անհնարին համարվեր նույն տրամաբանությամբ, քանի որ 2021 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ Սեդա Սաֆարյանը «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի կազմում առաջադրված է եղել որպես ԱԺ պատգամավորի թեկնածու՝ զբաղեցնելով ցուցակի 3-րդ համարը և այդ ցուցակի առաջին կին թեկնածուն լինելով։

Նրա անունը զետեղված է եղել նաև քվեաթերթիկների վրա։ Իսկ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» կազմված է եղել երկու կուսակցություններից՝ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունից, որը ղեկավարում է Լևոն Շիրինյանը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունից, որը ղեկավարում է Արման Բաբաջանյանը։ Էդգար Ղազարյանի դիտարկմամբ՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին այդ երկու կուսակցությունները ոչ միայն մասնակցել են Ազգային ժողովի ընտրություններին, այլ նաև նրանցից մեկը՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, բողոքարկել է այդ ընտրության արդյունքները, այսինքն հանդիսանում է դատավարության անմիջական մասնակից և կողմ։ Ուստի ակնհայտ է Սեդա Սաֆարյանի անմիջական առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ, որոնց վերաբերող գործի քննության հարցը ոչ թե պետք է բարձրացնեն դիմող կողմերը (ինչպես արդեն հայտարարել են «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներից), այլ Սահմանադրական դատարանը։

Ի դեպ, Էդգար Ղազարյանը վիճարկելի է համարում նաև Էդգար Շաթիրյանին գործով զեկուցող դատավոր նշանակելու փաստը, որովհետև նա ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից՝ հենց վարչապետի հավանությամբ, ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից և գործով զեկուցող դատավոր է հանդիսացել նաև 2021 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով, որով Սահմանադրական դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողեց անփոփոխ։

Մեր զրուցակիցը նաև արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում Էդգար Շաթիրյանը 2025 թվականից հիշատակվում է նաև որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ, ինչի ընտրության վերաբերյալ, սակայն, Սահմանադրական դատարանի համապատասխան որոշում գոյություն չունի։ Սահմանադրական դատարանի 2026 թվականի հունիսի 21-ի որոշման մեջ Էդգար Շաթիրյանը հիշատակվում է ոչ թե որպես ՍԴ փոխնախագահ, այլ ՍԴ դատավոր։

Նշենք նաև, որ 2020 թվականին, նախքան իշխող կուսակցության կողմից Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելը, նրանց սրտի թեկնածուն Վահրամ Ավետիսյանն էր, որը Աժ նախագահին տվել էր իր համաձայնությունը։ Սակայն որոշ ժամանակ հետո նա այդ համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել՝ նման որոշումը պատճառաբանելով իշխանության հետ արդարադատության ոլորտում եղած տարակարծություններով։  ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին ու պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի։ Հետևաբար, նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։

Եվ միայն դրանից հետո կառավարությունն ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Շաթիրյանի թեկնածությունը, որը, փաստորեն, ամենևին հակասություն չի տեսել իր և իշխանության՝ արդարադատության ոլորտում ունեցած հայացքների ու պատկերացումների միջև և նա չգնաց գործընկերոջ ճանապարհով։ Դեռ այն ժամանակ բարձրաձայնվեց այն մասին, որ օրենքը կառավարությանը ՍԴ դատավորի թեկնածուին փոխելու հնարավորություն չի ընձեռում։ ՍԴ օրենքով կառավարությունը, որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող մարմին, միայն մեկ անգամ կարող է դա անել և չի կարող որոշումը փոխել։

Թեև ամբողջ Սահմանադրական դատարանի դատավորների կազմը 2020 թվականին մեծ սկանդալներով ձևավորվեց՝ մինչև այդ գործող դատավորների լիազորություններն անօրինականորեն դադարեցնելու ճանապարհով։

Հիշենք, թե ինչպես «տուն ճանապարհեցին» ՍԴ նախկին դատավոր Արևիկ Պետրոսյանին, Աշոտ Խաչատրյանին՝ նրանց լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելով։ Մինչև դա արդեն պաշտոններից հեռացրել էին գործող մյուս դատավորներին։ Այնինչ ՍԴ օրենքը սահմանում է, որ ՍԴ դատավորներն անփոփոխելի են, մինչև իրենց պաշտոնի՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալը։ Արևիկ Պետրոսյանին փոխարինեցին Սեդա Սաֆարյանով, Աշոտ Խաչատրյանին՝ Արտակ Զեյնալյանով։

Ի՞նչ կարելի է սպասել այսպիսի կազմ ունեցող Սահմանադրական դատարանից հունիսի 26-ին. սա թող որպես հռետորական հարց հնչի, բայց ակնհայտ է, որ ՍԴ դիմած քաղաքական ուժերն իրենք էլ թերահավատ են, որ դատարանը կարող է սուբյեկտիվ որոշում կայացնել իրենց դիմումների հետ կապված և չեղարկել ընտրությունների արդյունքները՝ մանավանդ պարոն Շաթիրյանի գլխավորությամբ վարույթի քննությամբ։ Նման բան պատկերացնո՞ւմ եք։

Թագուհի Ասլանյան

Send