Հոկտեմբերի 15-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 16-ի գիշերն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ուկրաինական 79 անօդաչու թռչող սարքեր, որոնք մոտեցել են մայրաքաղաք Մոսկվային։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Զուգահեռաբար փակվել են մայրաքաղաքի բոլոր օդանավակայանները, իսկ առնվազն 20 չվերթ ուղղորդվել է այլ վայրեր։
Հարձակումը հետ մղելու մասին առաջին տեղեկությունները հայտնվել են կեսգիշերից առաջ։ Սկզբում քաղաքապետ Սոբյանինը հայտնել էր 10 ԱԹՍ-ի խոցման մասին, այնուհետև հաղորդվել էր ևս 11-ի, ապա՝ ևս 16-ի ոչնչացման մասին։ Կեսգիշերից հետո տեղեկություններ են հայտնվել ԱԹՍ-ների լրացուցիչ խմբերի ոչնչացման վերաբերյալ։
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետեւո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման համար։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») պարզաբանել է, որ այդ միջոցառումներն անհրաժեշտ են եղել թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Սահմանափակումների պատճառով Մոսկվայի մերձակա օդանավակայաններ ուղևորվող ավելի քան 20 ինքնաթիռ ուղղորդվել է այլ օդանավակայաններ։
Որոշ ինքնաթիռներ հետ են շրջվել դեռևս օդում եղած ժամանակ; Թուրքիայից եկող և դեպի «Վնուկովո» ընթացող 6 չվերթ ստիպված է եղել վերադառնալ մեկնման կետ։ Խափանումները ազդել են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային երթուղիների վրա։ Այն քաղաքների թվում, որոնց ուղղությամբ չվերթները խաթարվել են, եղել են Սանկտ Պետերբուրգը, Եկատերինբուրգը, Նովոսիբիրսկը, Սոչին, Կազանը, Ստամբուլը, Դուբայը, Հուրգադան, Անթալիան, Բաքուն և Թբիլիսին։
Ավելի քան 120 չվերթ է հետաձգվել։ Հետաձգվել են ժամանող և մեկնող չվերթներ՝ մասնավորապես մոտ 75-ը՝ «Վնուկովո»-ում, շուրջ 50-ը՝ «Շերեմետեւո»-ում, 7-ը՝ «Ժուկովսկի»-ում և 10-ը՝ «Դոմոդեդովո»-ում։
Ինքնաթիռները ստիպված են եղել ուղղվել դեպի այլընտրանքային օդանավակայաններ, իսկ ուղևորները բախվել են չվացուցակի փոփոխությունների։

Русский