Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Զույգի հերթական թատրոնը, Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ 2025 թ. տարեվերջին Ադրբեջանից բենզինի առաջին խմբաքանակը հասավ Հայաստան, իշխանություններն այնպիսի աղմուկ բարձրացրեցին, կարծես շուտով մի տնտեսական հրաշք էր լինելու: Ավելին, արդեն հունվարի սկզբներին նրանց համար PR-ի «հիանալի առիթ» դարձավ այն, որ մի քանի ընկերությունների բենզալցակայաններում իսկապես բենզինի գինը մի քիչ իջավ: Արդեն հետո, երբ ևս մեկ խմբաքանակ եկավ, նույնիսկ այն ընկերությունները, որոնք կապ չունեին ադրբեջանական բենզինի հետ, մի փոքր նվազեցրին գները:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բենզալցակայանների աշխատակիցներին էր «համոզում» ասել, որ բենզինի գինը ոչ միայն չի բարձրացել, այլ նույնիսկ նվազել է: Բայց արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Հայաստանում բենզինի գներն այնքան են բարձրացել, որ կտրուկ «վազանցել» են նույնիսկ անցած տարվա՝ դեռևս չէժանացած գներին:

Բայց խնդիրը նույնիսկ միայն բենզինը չէ: Դրա թանկացումը դեռ կարող են «փաթեթավորել» միջազգային գներով: Ամբողջ հարցն այն է, որ կտրուկ թանկացել է մթերքը, այդ թվում՝ նրանք, որոնք արտադրվում են Հայաստանում: Օրինակ՝ էականորեն բարձրացել է մսի, բանջարեղենի գինը: Վերջինիս առումով հնարավոր պատճառաբանությունը, թե սեզոնային թանկացում է, անլուրջ է, քանի որ նույնիսկ ձմռանը այսքան թանկ չեն եղել լոլիկն ու վարունգը, պեղպեղն ու կանաչին, որքան հիմա: Թանկացել են նաև հացը, ձուն, բազմաթիվ այլ ապրանքներ՝ ևս:

Մի խոսքով, մինչ իշխանությունները որպես աշխարհացունց իրադարձություն են ներկայացնում 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը, գնաճն ահռելի չափերի է հասնում՝ ավելի ծանրացնելով մարդկանց կենսամակարդակը: Իհարկե, գնաճը բավական բարձր ու շարունակական է եղել նաև անցած տարիներին՝ նվազագույն զամբյուղի ու մարդկանց եկամուտների տարբերությունը խայտառակ չափերի հասցնելով, բայց վերջին շրջանում գնաճի տեմպերը պարզապես վախեցնող են: Ըստ մասնագետների, գնաճը ձեռնտու է հենց իշխանություններին, քանզի դա ապահովում է հավել յալ մուտքեր պետբյուջե: Մյուս կողմից՝ իրենց ինչ այդ թանկացումները. իշխանավորները չափազանց բարձր եկամուտներ ունեն, ու իրենց վրա թանկացումները ոչ մի կերպ չեն ազդում:

 

«Հրապարակ» թերթը գրում է.

Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է հեռանում է կառավարական առանձնատնից, եւ իր դառը կյանքի մասին սրտաճմլիկ պատմություն պատմեց:

Իսկ կիրակի օրը մարդիկ տեսան նրա սիլուետը ամուսնու առավոտվա լայվում՝ կառավարականում, ապաեւ մասնակցեց Գյումրիի միջոցառմանը․ Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր քաղաքում, արհամարհում լրագրողների հարցերը: Եվ, հակառակ խոստմանը, որ հրաժարվում է «ախրաննիկներից», շրջում էր ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ «Վերամիավորվե՞լ եք» հարցը նրանք անպատասխան թողեցին:

Տեղեկացանք, որ անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել դա: Մեզ ասացին, թե իրենք 1 շաբաթ առաջ են իմացել, որ Աննան վերադարձել է կառավարական առանձնատուն: Իսկ թե ինչ կարգավիճակով, չգիտեն: Իրենք էլ են տարակուսած զույգի այս թատրոնից։

Ցուցադրական բաժանությունից հետո տարբեր վարկածներ էին քննարկվում: Ամենատարածվածն այն է, որ Փաշինյանը փորձում է ազատվել Աննա Հակոբյանի բացասական ռեյտինգից։ Հիմա կարծում են պատճառն այն է, որ տիկնոջ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական փուլում շարունակի անարգել բարեգործությամբ զբաղվել:

Կերակրող մայր Գոհար Ղումաշյանին ձերբակալեն հեռախոսային մի խոսակցության համար, իսկ Աննա Հակոբյանը շռայլորեն բարեգործություն անի եւ չպատժվի:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկվում է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի լիազորությունները կասեցնելու հարցը։

Արդյոք նախաքննական մարմինն ու դատախազությունը կկասեցնե՞ն պրոռեկտորի լիազորությունները, թե՞ թույլ կտան, որ նա շարունակի աշխատել՝ կհետևենք քննության ընթացքին

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պրոռեկտորը և քրեական վարույթով անցնող մեղադրյալները, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով, պետական բյուջե են վճարել մոտ 5 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ Armlur.am-ը հայտնել էր, որ ապրիլի 18-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, նրա որդին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Ավելի ուշ նրանց մեղադրանք էր առաջադրվել, որից հետո նրանք ազատ էին արձակվել։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախություն կատարելու, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել էին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»։

Send