2025 թվականի դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանավորում։ Այս փաստը շատերին ապշեցրեց՝ Խաչիկը ընտրակաշառք բաժանո՞ղ. ծիծաղելի մեղադրանք է։ Եվ կալանավորել Ամանորի նախօրեին, որպեսզի հարվածն ավելի ցավոտ լինի։
Փաստաբան Արսեն Բաբայանը, ուսումնասիրելով կալանավորման, այսպես ասած, հիմքերը, համոզվել է, որ Խաչիկ Գալստյանին ուղղակի պատժել են։
Նախաքննական գաղտնիության սկզբունքը հաշվի առնելով՝ փաստաբանը բացահայտումներ անել, տվյալներ մատնանշել չի կարող։
Կասկածից վեր է՝ Խաչիկ Գալստյանը քաղբանտարկյալ է. հաստատում են թե՛ իրավապաշտպանները, թե՛ քաղաքագետները և առհասարակ իշխանությունների գործելաոճն ու ձեռագիրը ճանաչող մարդիկ։
Իշխանությունները փաստարկված, հիմնավորված քննադատությունը չեն ներում, որովհետև դա արդեն քննադատություն չէ, այլ իրողության արձանագրում։
Խաչիկ Գալստյանին ճանաչողները գիտեն, որ նա չկոտրվող, պայքարող ու նաև իշխանությունների ընդունակությունները լավ ճանաչող տեսակ է։
Արսեն Բաբայանը երեկ է գնացել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Խաչիկ Գալստյանին այցելության։ Պատմեց, որ նա մարտական է տրամադրված, շնորհակալ է, որ իրենով հետատքրքրվում են, իրեն աջակցում են։
Փաստաբանները Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանի կալանավորման որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու են։

Русский