«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարբեր ժամանակահատվածներում, իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ առավել ևս, գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարբերաբար տարբեր հարցումներ են պատվիրում՝ ընտրություններից առաջ իրենց հնարավորությունները գնահատելու նպատակով։ Ընդ որում, հարցման այդ արդյունքները բացառապես ներքին օգտագործման համար են և իրականացվում են թե՛ սոցիոլոգիական 1-2 կոնկրետ կազմակերպությունների, թե՛ հատկապես Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից։ Եթե այդ հարցումների արդյունքները ինչ-որ չափով հուսադրող են լինում իշխանությունների համար, ավանդաբար դրանք «սլիվների» տեսքով տարածում են տարբեր հարթակներով։
Բայց արդեն տևական ժամանակ է, ինչ փաշինյանական իշխանությունը որևէ հարցման արդյունք դաշտ չի նետում։ Բանն այն է, որ «հրապարակելու» բան էլ չկա. ի մասնավորի, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս իրականացված մի քանի հարցումները չափազանց վատատեսական տրամադրություն են առաջացրել իշխանության ներսում։ Ըստ էության, մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարկանիշը չափազանց «տխուր վիճակում» է, մյուս կողմից՝ Ազգային ժողով անցնելու շանսեր ունեցող ուժերը փոքր թիվ են կազմում, և դրանց մեջ Փաշինյանին մերձ որևէ կուսակցություն չկա։ Փոխարենը խորհրդարան անցնող հիմնական ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրից» գրեթե կրկնակի ավելի քվեներ կարող են ստանալ և արդյունքում առանց լուրջ դիմադրության Փաշինյանին զրկել իշխանությունից։ Ըստ այդմ, գործող իշխանությունները որոշել են գործի դնել, այսպես կոչված, «արևմտյան»՝ արդեն իսկ փորձված սցենարը։
Ոգևորված լինելով «մոլդովական սցենարից»՝ Հայաստանում Փաշինյանը շատ ավելի լուրջ և վտանգավոր խաղ է ձեռնարկել՝ կյանքի կոչելու այդ սցենարի «հայկականացված» տարբերակը՝ դրա համար օգտագործելով դեռևս 2021 թվականին Ընտրական օրենսգրքում և Քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունները, որոնք լուրջ «սողանցքներ» են տալիս ՔՊ-ին՝ ընդդիմադիր ուժերին զրկելու ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
Հիշեցնենք՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 6-ին հրամանագիր ստորագրեց Ազգային ժողովի հերթական ընտրությունները հունիսի 7-ին նշանակելու մասին։ Արդեն հաջորդ օրն իսկ հրամանը մտավ ուժի մեջ և արդյունքում իրավունքի ուժով սկսեցին կիրառվել ընտրական պրոցեսում կարևորագույն փոփոխությունները, որոնցից մեկն էլ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին մասն է։ Այն արգելում է նախընտրական քարոզչության ժամանակ, քվեարկության նախորդ և քվեարկության օրը ընտրություններին մասնակցող կուսակցություններին, անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ մատուցել/խոստանալ ծառայություններ։ Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել ընտրությունների մասնակցող կուսակցությունների անվանումներին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել, իսկ եթե նման տեղեկություններ հայտնվեն, ապա դատարանով կարող է որևէ կուսակցության մասնակցությունն արգելվել։
Ի դեպ, այդ առումով Հակակոռուպցիոն կոմիտեն նույնիսկ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ՝ զգուշացնելով, որ դա կարող է նաև քրեական պատասխանատվության հանգեցնել։ Այս իրավակարգավորումն ընդունվել է դեռ 2021 թվականին՝ արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, բայց այն ժամանակ չի կիրառվել։ Այժմ փաշինյանական իշխանությունը որոշել է ամբողջությամբ սա օգտագործել, ընդ որում՝ ստեղծել այնպիսի տպավորություն, թե ընդդիմադիր ուժերը բարեգործություն են փորձում անել և այդ հիմնավորմամբ առանցքային ընդդիմադիրներին պարզապես զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
Ճիշտ է, վերոնշյալ փոփոխությունների կետերն ավելի շատ վերաբերելու են հենց իշխանություններին, որոնք ամբողջ իշխանական ռեսուրսներն օգտագործելու են մարդկանց խոստումներ տալու և «լավություն անելու» համար, բայց դա փորձելու են որպես մահակ կիրառել հենց ընդդիմության դեմ, չնայած նրան, որ հիմնական ընդդիմադիրները միշտ էլ տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրել են՝ անկախ նրանից՝ առջևում ընտրություն կա, թե ոչ:
«Հրապարակ» թերթը գրում է ․
Երեկ առավոտից 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում էին։ Նրանք հանդիպումներ էին պահանջում ԱԺ նախագահության, ՔՊ-ական պատգամավորների հետ։
Բանն այն է, որ դեռեւս անցած տարեվերջին դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով թույլ տալ, որ ծանոթանան 44-օրյա պատերազմի զեկույցին, որը, ինչպես հայտնի է, չի հրապարակվել, խորհրդարանում չի քննարկվել, այլ ուղարկվել է խորհրդարանի գաղտնի բաժին, քանի որ ԱԺ ղեկավարությունը կարծում է, որ զեկույցի պատրաստման ժամկետները խախտվել են։ Անհետ կորածների հարազատներին, սակայն, ԱԺ նախագահությունը չի պատասխանել, ինչի առիթով էլ երեկ նրանք գնացել էին խորհրդարան: Միայն մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնելուց հետո նրանց տեղեկացրել են, որ չեն կարող զեկույցին ծանոթանալ՝ գաղտնիության հասանելիություն չունենալու պատճառով։
Հայտնի է, որ նույնիսկ ԱԺ պատգամավորներից ոմանք, ովքեր չունեն գաղտնի տեղեկատվության հետ ծանոթանալու հատուկ թույլտվություն, չեն կարողանում ծանոթանալ զեկույցին։ Մերժում ստանալուց հետո հարազատները շարժվել են նախագահական նստավայր եւ շարունակել բողոքն այնտեղ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության, ինչպես նաև գործարար նվիրատուների վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 16 մլն դրամից ավել է ծախսվել այդ շոու-երեկոյի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն հրապարակում էր տեսանյութեր՝ հարվածային գործիքներ նվագելով։ Նրա սրտիկները ուղեկցվում էին ոչ միայն Զեմֆիրայի, Maroon 5-ի, Eminem-ի և այլ արտիստների երգերով, այլ նաև հայտնի արտիստների երգերով՝ իր նվագակցությամբ։ Փաշինյանը հարվածային գործիքներ էր նվագում, իսկ ավելի ուշ իր իսկ կազմավորած երաժշտական բենդի մասին հայտնեց և հրավիրեց «Վարչաբենդի» առաջին համերգին։
Ովքեր մասնակցեցին Փաշինյանի կազմավորած երաժշտական խմբի՝ «Վարչաբենդի» համերգին։ Նա հրավիրեց թիմակիցներին ու նախապես մանրակրկիտ ուսումնասիրված և գրանցված մասնակիցներին՝ հունվարի 30-ին Ջրվեժում գտնվող Palladium Hall-ում վայելելու «Վարչաբենդի» առաջին փակ ելույթը։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ պարզելու միջոցառման ֆինանսավորման աղբյուրն ու ծախսերի չափը։ Տեղեկացրեցին, որ «Վարչաբենդի» հետ կապված բոլոր ծախսերը իրականացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս հարցով ArmLur.am-ը պաշտոնական հարցում է ուղարկել կուսակցությանը, որի պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։
Մինչ այդ ArmLur.am-ը լրագրողական հետաքննության շրջանակում կապ հաստատեց Palladium Hall-ի հետ՝ չներկայանալով որպես լրագրող, և պարզեց սրահում միջոցառում անցկացնելու սակագները։
Մասնավորապես, մինչև 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27 հազար դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13,5 մլն դրամ։
Բացի այդ, սրահում երաժշտական գործիքների օգտագործման համար սահմանված է առանձին վճար՝ 600 հազար դրամ՝ անկախ նրանից, թե խումբը ով է ներկայացնում։ Սրահում առկա 18 հոգանոց երաժշտական խմբի ծառայության արժեքը կազմում է ևս 1 մլն դրամ, որի համար ևս վճարելը պարտադիր է։ Այսպիսով՝ միայն երաժշտական ապահովման համար անհրաժեշտ է շուրջ 1,6 մլն դրամ։
Միասին դարձավ 15,1 մլն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 10 տարեկան «Ախթամար» կոնյակ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստ, նախուտեստներ։
Եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանի բենդի ծախսած թիվը, պետք է նկատենք, որ այն միաժամանակ կարող էր ծածկել մոտ 300 մարդու մեկ ամսվա միջինը։
Բայց քանի որ կարող է Փաշինյանը մեկ օրում մոտ 40 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար ստանալ ՀՀ պետբյուջեից, ուրեմն օրինաչափ է, որ մեկ օրվա խնջույքի համար 21,7 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում կարող է վարչապետը ծախսել»։

Русский