«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ովքե՞ր են Հայաստանի խորհրդարանում հայտնված նոր դեմքերը, ի՞նչ ճանապարհ են անցել մինչև պատգամավոր դառնալը և ի՞նչ ունեցվածք ունեն։ «Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, Ազգային ժողովի ամենաերիտասարդ անդամ Շիրազ Մանուկյանի կենսագրությունն ու պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը։
Շիրազ Մանուկյանը ծնվել է 2001 թվականի մարտի 10-ին Գեղարքունիքի մարզի Արծվաքար գյուղում։ Նա Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորն է։ 2019-2020 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2025 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ ստանալով թատրոնի ռեժիսորի մասնագիտություն։ Նույն թվականին ավարտել է նաև Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը։
Մանուկյանը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» դասընթացին, որն անցկացվել է 2025 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Միջազգային առևտրատնտեսական պաշտոնյաների ակադեմիայում (AIBO)։
2025-2026 թվականներին աշխատել է Հայ գործարարների ասոցիացիայում՝ որպես նախագծի ղեկավար։
Քաղաքական գործունեությունը սկսել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում։ 2021-2022 թվականներին եղել է այդ կազմակերպության անդամ, իսկ 2022-2025 թվականներին՝ ՀՀԿ ուսանողական կազմակերպությունների խորհրդի անդամ։
2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Շիրազ Մանուկյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Ամուսնացած չէ։
Անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ․
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Շիրազ Մանուկյանը չունի հայտարարագրված անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ։
Դրամական միջոցներ․
Շիրազ Մանուկյանի բանկային հաշիվներում պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա է եղել ընդհանուր 47,515 դրամ։ Հայտարարագրում նշված են չորս հաշիվներ՝ համապատասխանաբար 475 դրամ, 17,030 դրամ, 0 դրամ և 30,010 դրամ մնացորդներով։
Կանխիկ դրամական միջոցների մասով պատգամավորը հայտարարագրել է 700,000 դրամ և 800 ԱՄՆ դոլար։
Եկամուտներ․
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Շիրազ Մանուկյանը պատգամավոր դառնալու օրվա դրությամբ Հայ գործարարների ասոցիացիայից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 3,851,629 դրամ։
Վարկային պարտավորություններ․
Հայտարարագրում նշված են երեք վարկային պարտավորություններ, որոնց մայր գումարի մնացորդները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են համապատասխանաբար 209,875 դրամ, 456,298 դրամ և 602,156 դրամ։ Ընդհանուր վարկային պարտավորությունը կազմում է 1,268,329 դրամ։
Այսինքն՝ Մանուկյանի բոլոր վարկերը միասին վերցրած, պատգամավորական մեկ ամսվա աշխատավարձից էլ քիչ են»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Русский