Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայկական բարբառները տեղափոխվում են iPhone-ի ստեղնաշար

Blog Image

iPhone-ների օգտատերերն արդեն հնարավորություն ունեն իրենց հաղորդագրություններն ու գրառումները գրել ոչ միայն գրական հայերենով, այլև հայկական բարբառներին հատուկ բառերով․ Արցախի բարբառն արդեն հասանելի է, իսկ մյուս հայկական բարբառները ևս նախատեսվում է ավելացնել։

Նախաձեռնության հեղինակ Ալբերտ Հարությունյանը նոր գաղափար է մշակել իր «iBuben Keyboard» հավելվածի համար՝ Արցախի բարբառը ներառելով ստեղնաշարի «Բառային կանխատեսումներ» բաժնում։ Նրա համոզմամբ՝ եթե հետագայում հնարավոր լինի ներառել նաև մյուս հայկական բարբառները, Հայաստանում գրեթե յուրաքանչյուր մարդ կկարողանա գտնել իր «սրտի» բարբառը։

Նախաձեռնության հիմնական նպատակը հայկական բարբառների պահպանումն ու դրանց կիրառությունը ժամանակակից թվային միջավայրում խթանելն է։

«Խոսում էի ընկերոջս հետ, պատմում էի իմ գաղափարների մասին։ Նա առաջարկեց «iBuben Keyboard»-ում ավելացնել Լոռվա բարբառը։ Դրանք հատուկ բառեր են, որոնք կարելի է լսել միայն Լոռվա մարզում։ Առաջարկը հավանեցի, ու առաջին բանը, որ անցավ մտքովս, Արցախի բարբառի ինտեգրումն էր։ Պետք է անպայման սկսել Արցախից, հետո անցնել Լոռվա ու Շիրակի բարբառներին»,– MediaHub-ի հետ զրույցում պատմել է Ալբերտ Հարությունյանը։

Ալբերտն Արցախի բարբառի համար օգտվել է Արմեն Սարգսյանի հեղինակային գրքից, որտեղ հավաքագրված են հայկական ամենահին և ամենամեծ բարբառներից մեկին հատուկ բառերն ու արտահայտությունները։ 



Ալբերտի խոսքով՝ սա պարզապես ստեղնաշարի հերթական թարմացում չէ․ գաղափարի հիմքում հայկական բարբառների պահպանությունն ու դրանք ժամանակակից թվային միջավայր տեղափոխելու ցանկությունն է։

«Արցախի բարբառն արդեն հասանելի է։ Հաջորդ թարմացումներում պետք է փորձեմ ավելացնել Հայաստանի ամենապոպուլյար բարբառները, բայց դրա համար ինձ անհրաժեշտ են հուսալի թվային աղբյուրներ»,– նշել է նա։



«iBuben Keyboard»-ը հասանելի է App Store-ում, իսկ առաջիկա թարմացումներով հավելվածում հայկական բարբառների թիվը նախատեսվում է ավելացնել։

Գուցե շուտով հաղորդագրություն գրելիս հնարավորություն ունենանք ոչ միայն գրական հայերենով, այլև մեզ հարազատ բարբառով փոխանցել մեր խոսքը՝ այնպես, ինչպես այն հնչում է առօրյայում ու ինչպես կցանկանայինք, որ այն կարդար հաղորդագրությունը ստացողը։

Հունան Թադևոսյան

Send