Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել, 1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նշանակումից հետո՝ 2025 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների ընթացքում, 1003 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Սոցապնախարարություն՝ խնդրելով հայտնել, թե Երևան քաղաքում և ՀՀ մարզերում քանի քաղաքացի է զրկվել սոցիալական նպաստից Արսեն Թորոսյանի օրոք։ Ի պատասխան մեր գրության՝ նախարարությունից հայտնել են, որ համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման՝ 2025 թվականի մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ՝ պիլոտային ծրագրի շրջանակում, որի հիման վրա նշանակվում են նպաստները։

Սակայն նախարարության ներկայացրած թվերը այլ իրականություն են բացահայտում։ 2025 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսներին Երևան քաղաքում և ևս 8 մարզերում

սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվն ավելացել է ընդամենը 17-ով,

մինչդեռ ընտանեկան նպաստ ստացողների թիվը նվազել է 1003 ընտանիքով։

Փաստացի սա նշանակում է, որ նախարար Թորոսյանի պաշտոնավարման առաջին ամիսներին 1003 ընտանիք դուրս է մղվել նպաստային համակարգից, այն դեպքում, երբ սոցիալական ծանր վիճակի մասին ՀՀ վիճակագրական կոմիտեն տխուր ցուցանիշներ է հրապարակում. մեր երկրում աղքատության մակարդակը 21.7 տոկոս է, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 0.6։

Հիշեցնենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված՝ մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից։

Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված՝ մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից։

ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշմամբ՝ 2025 թվականին ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 28.00-ը»։

 

«Հրապարակ»․ թերթը գրում է․ 

Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ըստ տեղեկությունների, ամերիկյան հայ համայնքի եւ իր թեմի քահանաների ճնշման ներքո է «դարձի եկել»։ Պատմում են, որ ահռելի ճնշումներ են գործադրել նրա վրա, կանգնեցրել երկընտրանքի առջեւ՝ կա՛մ շարունակում է հավատարիմ մնալ Մայր Աթոռին, կա՛մ նամակ են ուղարկում՝ իր թեմակալ առաջնորդությունը դադարեցնելու պահանջով։ Եվ միայն դրանից հետո է նա հայտարարել, որ փետրվարի 16-19-ին կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում:

Հիշեցնենք․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է: Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, եւ կոչ էին արել, որ Մայր Աթոռը չեղարկի ժողովը: Հովնան արքեպիսկոպոսը, սակայն, չի հայտարարել, որ լքում է Փաշինյանի ստեղծած Եկեղեցու բարենորոգման խորհուրդը։ Ասում են՝ նրան Փաշինյանի կողմը բերելու ուղղությամբ համառ ջանքեր են տարել ներկայիս եւ նախկին դեսպաններ Նարեկ Մկրտչյանն ու Լիլիթ Մակունցը։ 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից ստացել է տան վարձավճարի փոխհատուցում՝ ամսական 100 հազար դրամ, այն դեպքում, երբ չի համապատասխանել այդ փոխհատուցումը ստանալու օրենքով սահմանված պայմաններին։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր։

Փաստ 1

Արթուր Հովհաննիսյանը մարզաբնակ չի եղել։ Մինչդեռ ԱԺ պատգամավորներին վարձավճարի փոխհատուցում տրամադրվում է բացառապես այն դեպքում, երբ նրանք

Երևան քաղաքում սեփականություն չունեն,

փաստացի վարձակալում են բնակարան՝ կոնկրետ հասցեով,

ներկայացնում են կադաստրից տեղեկանք՝ սեփականության բացակայության մասին, և վարձակալության պայմանագիր։

Փաստ 2

Չնայած այս հանգամանքին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Արթուր Հովհաննիսյանին փաստացի տրամադրվել է ամսական 100 հազար դրամի փոխհատուցում։

Փաստ 3

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի

Նար-Դոսի փողոցի վրա գտնվող բնակարանի վարձակալության պայմանագիրը կնքվել է 2021 թվականի նոյեմբերի 27-ին,

պայմանագիրը կադաստրի կողմից վավերացվել է միայն 2021 թվականի դեկտեմբերի 2-ին։

Փաստ 4

Սա նշանակում է, որ 2021 թվականի գրեթե ամբողջ ընթացքում, երբ Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովից՝ ՀՀ հպարտ հարկատուների հաշվին, ստացել է պետական բյուջեից վարձավճարի փոխհատուցում,

չի ունեցել կադաստրով վավերացված վարձակալության պայմանագիր,

հետևաբար՝ չի ունեցել իրավական հիմք այդ գումարները ստանալու համար. սա ենթադրյալ ապօրինություն է։

Փաստ 5

ԱԺ աշխատակազմը վարձավճարի փոխհատուցում տրամադրելիս նախապես հավաքում է փաստաթղթերը, և առանց դրանց փոխհատուցում չի տրամադրվում։ Այդ փաստաթղթերի պարտադիր մաս են

կադաստրի տեղեկանքը՝ Երևանում սեփականություն չունենալու մասին,

վարձակալության պայմանագիրը՝ հստակ հասցեով։

Ինչու է ԱԺ ղեկավարությունը աչք փակել Արթուր Հովհաննիսյանի կիսատ ներկայացված փաստերի վրա։ ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը վարձավճարի փոխհատուցումը ստացել է հենց Նար-Դոսի հասցեում գտնվող տան համար, սակայն այդ հասցեով վարձակալության պայմանագիր այդ պահին գոյություն չի ունեցել։

Հուսանք՝ այս դեպքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և, վերջապես, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդպետյանը մանրամասն կուսումնասիրեն՝ որպես հաղորդման հիմք ընդունելով այս հրապարակումը և ներկայացված փաստերը։

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության, 2017-ին անցել է թմրանյութի գործով. նրա ավտոմեքենայից հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ»։

Send